Operativ.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի` բարեփոխումների գծով փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց եւ խոստացել է փոփոխությունների իր ծրագիրը ներկայացնել Գերագույն ռադա: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ինձ համար մեծ պատիվ է Ուկրաինայի կառավարության` բարեփոխումների գծով փոխվարչապետ դառնալու առաջարկ ստանալ նախագահ Զելենսկուց: Ես եւս շատ բովանդակալից եւ օգտակար զրույց եմ ունեցել վարչապետ Շմիգալի հետ, որի ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք բոլոր հնարավոր խնդիրները, որոնք վերաբերում են կառավարությունում իմ հնարավոր աշխատանքին»,- գրել է Սաակաշվիլին: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ աջակցում է նախագահ Զելենսկու քաղաքականությանն ուկրաինական տնտեսության համար այս դժվար պահերին:

«Ես կներկայացնեմ Գերագույն ռադային հրատապ փոփոխությունների եւ իմ մասնակցության ծրագիրը Շմիգալի կառավարության աշխատանքներին` կոնկրետ մշաումներով, որոնք ձեւավորվել են ինձ մոտ ինչպես Ուկրաինայի սահմաններից դուրս, այնպես էլ Ուկրաինայում իմ աշխատանքի ընթացքում` հիմնվելով ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձի վրա»,- հավելել է նա:

Սաակաշվիլին հայտարարում է, որ նախագահի թիմի հետ միասին պատրաստ է աշխատել Ուկրաինայի խորհրդարանի գործող բոլոր հայրենասիրական ուժերի եւ հասարակության այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան կարողանա նվազագույն կորուստներով տանի ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ հաղթահարի բոլոր մարտահրավերները:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին եւ նշանակվել էր Օդեսայի նահանգապետ: Սակայն 2017 թվականի հուլիսի 26-ին Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել էր Սաակաշվիլիի քաղաքացիությունը: 2018-ի փետրվարի 12-ին սահմանապահները Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին ուղարկել հետընդունման գործընթացի շրջանակներում: Նրա մուտքն Ուկրաինա արգելված էր մինչեւ 2021 թվականը: Սահակաշվիլիի` Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակի վերականգնումից ՈւՊՍԾ-ում հայտարարեցին, որ նրանք չեն կարող խոչընդոտել քաղաքացու մուտքը երկրի տարածք: Քաղաքական գործիչը Ուկրաինա է վերադարձավ 2019 թվականի մայիսի 29-ին: Ավելի ուշ նա հայտարարեց Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության անկախ մասնակցության մասին:

Նշենք, որ Վրաստանում Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով եւ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Բացի այդ, Վրաստանում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա ազատազրկման մեկ այլ գործով` լիազորությունները չարաշահման համար: Խոսքը «Վրաստանի բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով ձերբակալվածներին ներում շնորհելու մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել