Factor.am-ը գրում է․

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում հյուրանոցային համալիրներն այս օրերին մեկուսացման վայրերի են վերածվել: Factor.am-ը զրուցել է ապրիլի 2-ից Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում մեկուսացման ռեժիմում գտնվող քաղաքացիներից մեկի հետ:

Կինը, չցանկանալով հրապարակել անունը, պատմեց, որ ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել և, ապահովության համար, ընտանիքով տեղափոխվել են մեկուսացման վայր։

Քաղաքացին իրեն լավ է զգում, հիվանդության ոչ մի նախանշան չունի, մեկուսացման պայմաններից էլ գոհ է: «Ես այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, սակայն մեզ նորմալ ընդունել են, զգացել եմ, թե որքան բարեհամբույր ու պատրաստակամ են այստեղի բոլոր աշխատողները։ Զանգահարում են օրը 2 անգամ, ջերմությունն են հարցնում։ Դուռը թակում են ու հարցնում՝ արդյո՞ք ինչ-որ բանի կարիք չունենք»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ուսուցչուհի է: Մեկուսացման մեջ գտնվելով՝ շարունակում է աշխատել, հեռավար դասեր անցկացնել։ 2 երեխաները դպրոցական են, նրանք ևս մեկուսացման ռեժիմում են և հետ չեն մնում իրենց հեռավար դասերից։

«Սնունդը 3 անգամ բերում են: Երեխաներիս մասին էլ են հոգ տանում, քաղցրավենիք և մրգեր են բերում»,- ասաց նա։

Ապրիլի 7-ին՝ մայրության օրվա առիթով, հյուրանոցում մեկուսացված կանայք շնորհավորանք են ստացել՝ ծաղկեփնջերի տեսքով. «Թույլ չտվեցին ծաղիկները ներս տանենք, բայց դրանք դրված են մեր սենյակների կողքին»։

Մեկուսացման պայմաններից, սակայն, ոչ բոլոր քաղաքացիներն են գոհ: Օրերս, հիշեցնենք, Ծաղկաձորի սպորտային համալիրում մեկուսացված մի քանի քաղաքացիներ դժգոհություն էին հայտնել պայմանների, ինչպես նաև սպասարկող անձանց վերաբերմունքի առնչությամբ:

«Ժամը 12-ն է, մենք մի օր ա՝ հաց էլ չենք կերել։ Ավտոբուսի մեջ ուտելիքը բերել են, շպրտել են պոլի վրա, բաժանել են ժողովրդին, մենք էլ հանել ենք, դրել հյուրանոցի դռան դիմաց, որ թափեն։ Մենք խոզ չենք, որ պոլի վրայից ուտենք։ Դրսից աշխատողը ցելոֆաններով բերեց, շպրտեց պոլի վրա։ Ասում եմ՝ էս գետնի՞ց պիտի ուտենք, ասում է՝ հա, մեկ է՝ ցելոֆանով է։ Մեզ պետք է ապահովեն մեկական սենյակով, որը պահանջում է կարանտինը։ Եթե ես պետք է մնայի օտար կնոջ հետ, կգնայի իմ տուն, առանձին սենյակում կփակվեի։ Ոստիկաններն ասացին՝ դուրներդ չի գալիս, չգայիք Հայաստան»,- նշել էր քաղաքացիներից մեկը։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ խնդիր չի տեսնում, որ քաղաքացիները սենյակը կիսում են այլ անձի հետ։

«Պետությունը հոգում է բոլոր ծախսերը, ոչ մի բանի մասին մտածելու խնդիր չունեն՝ ո՛չ սննդի, ո՛չ մնալու տեղի։ Բոլորին տեղավորել են իրենց սենյակներում։ Ընտանիքներին՝ ընտանիքներով, իսկ այն մարդիկ, ովքեր մենակ են, չեմ բացառում, որ կցել են ուրիշ մարդկանց հետ։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գևորգյանը։

Հարցին՝ վտանգ չկա՞, որ եթե այդ անձանցից մեկը վարակված լինի, վարակի նաև սենյակում գտնվող մյուս անձին, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Իրենք վարակված չեն, իրենք մեկուսացման մեջ են: Ուղղակի եկել են ռիսկային գոտուց, և իրենց մեկուսացնում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել