Factor.am-ը գրում է․

Հայաստանում ամեն օր առավելագույնը 400, իսկ միջինում՝ 250-300 թեստավորում է իրականացվում կորոնավիրուսի առկայությունը հաստատելու կամ հերքելու նպատակով։ Կառավարությունը, սակայն, մտադրություն ունի ապրիլի 10-ից այդ թիվը հասցնել 1000-ի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսվում է նաև Հայաստանում կորոնավիրուսը ախտորոշող թեստերի արտադրություն սկսել։

«Կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար է փոխանցել, որ տեղում թեստերի արտադրություն կազմակերպվի։ Մասնագետները վստահեցնում են, որ ստացվելու է»,- ասել էր Փաշինյանը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից, սակայն, ժամկետներ չեն նշում, թե  550 հազար դոլարի շրջանակում ե՞րբ կսկսվի աշխարհը պատած համաճարակի ախտորոշման տեղական թեստերի արտադրությունը. դեռ պետք է համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերել։

«Ժամկետներ նշել չեմ կարող, հիմա մենք կազմակերպչական հարցերով քննարկում ենք իրականացնում Կառավարության հետ։ Այս փուլից հետո պարզ կլինի, թե երբ կսկսենք արտադրությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Ինստիտուտի տնօրենը, սակայն, վստահ է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության հարցում հաջողելու են։ Նա նշում է, որ ունեն անհրաժեշտ փորձ, որն օգտագործում են ամենօրյա աշխատանքում։ Արսեն Առաքելյանի խոսքով՝ արտադրվող թեստերն արդյունավետ են լինում, հակառակ դեպքում՝ ինքը ծրագրին մասնակից չէր դառնա։

«Մենք ունենք հրաշալի կադրեր, որոնք շատ ակտիվ գիտաշխատողներ են, գիտնականներ են, որոնք նման թեստերի հետազոտման մեթոդաբանությանը տիրապետում են, գիտեն՝ ինչպես պետք է կազմակերպել»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Նա նշեց, որ արտադրելու են թեստեր, որոնք այժմ օգտագործվում են ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից։ Սակայն առայժմ անհայտ է, թե հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը երբ հասանելի կլինի կիրառման համար:

Իսկ ահա առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցը կարծում է, որ Հայաստանում արտադրված կորոնավիրուսն ախտորոշող թեստերը հնարավոր կլինի նաև արտահանել, քանի որ ոլորտի հայ մասնագետներն աշխարհում լավագույններից են։

«Սա այն քիչ դեպքերից է, երբ Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային շուկա՝ պոմիդոր-վարունգից զատ։ Կարող են արտահանվել, եթե միջազգային որակ ստանան»,- ասաց նա։

Հավելենք, որ նոր կորոնավիրուսի առաջին թեստերն արտադրվել են Չինաստանում, որտեղից էլ տարածվել է վարակը: Հենց այնտեղից է Հայաստան բերվել թեստերի առաջին խմբաքանակը։ Հետագայում, սակայն, մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ եվրոպական մի շարք երկրներում հրաժարվում են կորոնավիրուսի չինական թեստերից՝ պնդելով, որ դրանք անորակ են ու ճշգրիտ ցույց չեն տալիս հիվանդության առկայությունը։

Դեռ մարտի վերջին Ռուսաստանում մեկնարկեց կորոնավիրուսի թեստերի արտադրությունը։ Դրանք փոխանցվեցին 13 երկրի, այդ թվում՝ Հայաստանին։ Ուկրաինայի Առղջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսի թեստերի արտադրությունը կմեկնարկի այս շաբաթ։ 208 վարակակիր ունեցող Վրաստանում և 822 վարակակիր ունեցող Ադրբեջանում թեստերի արտադրության մասին տեղեկություններ առայժմ չկան։

34 հազար վարակակիր ունեցող Թուրքիայում էլ ամսական 2 միլիոն թեստ են արտադրում։ Դրա զուգահեռ՝ այստեղ նաև ռապիդ թեստեր են պատվիրում Չինաստանից։ Բացի այդ՝ վերջին շրջանում տեղական արտադրության կես միլիոն թեստ Թուրքիան ԱՄՆ-ին է տրամադրել։

Այսպիսով, ստացվում է, որ տարածաշրջանային երկրներից Հայաստանն առաջինն է սկսում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել