«Աշխարհը փոխվելու է», «նոր աշխարհ», «նոր աշխարհակարգ», «Reset», «Restart», «աշխարհն ու պետությունները այլևս չեն լինելու նախկինը», «նոր կորոնավիրուսը անդառնալիորեն փոխել է աշխարհը», նույնիսկ` «Կորոնավիրուսը եկավ փրկելու աշխարհը», «մարդիկ կվերարժևորեն կյանքը», և այլն, և այլն...
Սրանք են համաշխարհային տեղեկատվական հիստերիային և «պանդեմիկ» մղձավանջին ուղեկցող (ինչ-որ տեղ` նաև սնուցող) ամենամոդայիկ ձևակերպումները: Բոլորն էլ մի ընդհանրություն ունեն` հստակ չի նշվում, թե ի՞նչն է փոխվելու, ինչքան է տևելու «փոխված» իրավիճակը, և փոխվելուց հետո ինչպիսի՞ն է լինելու աշխարհը:

Մի կողմ թողնենք այս ամենի տնտեսաքաղաքական պատճառներն ու դավադրապաշտական վարկածները:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն: Դրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնել այն, որ երբ որևէ խոսք կրկնում են շատերը, և այն բավարար չափով ու փաստարկված չի հերքվում, պարզաբանվում կամ հակադարձվում, ապա այն վերածվում է անքննարկելի իրողության` չլինելով այդպիսին: Դա է պատճառը, որ այս կարգի (և ոչ միայն այս կարգի) որևէ դարձվածք, միտք, արտահայտություն ևս ընդունվում է որպես վերջին ճշմարտություն:
Այսուհանդերձ, բազմաթիվ հարցերի պատասխանները մինչ այժմ կարծես միայն պաթետիկ են, անորոշ և վերացական:

Եվ այսպես՝ ի՞նչն է փոխվելու...

Այո, միգուցե փոփոխվի աշխարհի հիմնական դերակատար կենտրոնների միջև հավասարակշռությունը, միգուցե...
Միգուցե ինչ-որ միություններ խարխլվեն կամ առավել ամրապնդվեն, միգուցե...

Չի բացառվում, որ մի քանի երկրներում կվերանայվեն գաղափարական և արժեքային առաջնայնությունները, իսկ դրանց արդյունքում նաև պետական քաղաքական համակարգերի, զարգացման ուղղությունների և համագործակցության գերակայությունների հարցերը: Միգուցե...

Հնարավոր է նաև, որ այս ամենին հետևի խաղաղ և արդյունավետ գոյատևման փուլ: Հնարավոր է, չի բացառվում: Երկարատև, թե կարճատև` այսօր դժվար է ասել: Կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի նաև այս փոփոխություններին: Սակայն սա այլ, ծավալուն թեմա է:

Եվ ի՞նչ, այս ամենի արդյունքում աշխարհը վերջնական և անվերադարձ փոխվե՞ց, մարդը փոխվե՞ց:
Բայց չէ՞ որ ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ ժամանակ անց մարդկությունը այլևս չի ունենալու նմանատիպ խնդիրներ, աղետներ և ցնցումներ: Մի՞թե պարզ չէ, որ դրանք էլ են լինելու ժամանակավոր: Չէ՞ որ մարդուն հատուկ է շատ արագ մոռացության տալ հենց իր իսկ ոչ վաղ անցյալը, նույնիսկ այն, թե երբ է ինքը հանգիստ, խաղաղ ու անվտանգ ապրել և զարգացել, իսկ երբ է մաքառել ու պայքարել իր գոյատևման համար, նաև` հաճախ կրկնել նույն սխալները:
Հեռու չգնանք, Հայաստանը դրա վառ օրինակն է:
Չէ՞ որ քանի դեռ կա մարդը, որն աղբյուրն է բոլոր համավարակների, պատերազմների և ճգնաժամերի, ապա դրանք լինելու են: Նոր տեսակներով, նոր ձևերով, բայց միևնույն է, լինելու են:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած համավարակ կամ խորը ճգնաժամ իր ժամանակի համար յուրահատուկ է, և հավանաբար հիմքեր չկան պնդելու, որ այս գործընթացների ավարտը լինելու է մարդկության զարգացման պատմության «ամենա-ամենա» ճամփաբաժանը, անդառնալի և ճակատագրական կտրուկ փոփոխությունների սկիզբը կամ ավարտը: Առայժմ միակ տարածված և արտահայտված վարկածն այն է, որ այս ամենը քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարի հետևանք է, չնայած չի բացառվում, որ այլ պատճառ էլ լինի: Բայց չէ՞ որ քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարը կա, եղել է և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդ արարածը: Պարզապես փոխվելու են այդ պայքարի տեսակները, դրսևորման ձևերն ու մասշտաբները: Նաև հաշվի առնենք, որ Երկիր մոլորակի վրա ամեն մի հաջորդ ակնթարթ նոր է, ժամանակի առումով՝ անկրկնելի, և այսպես թե այնպես մարդն ապրում և գործում է անընդհատ նորացվող աշխարհում:

Իհարկե, չի բացառվում, որ միառժամանակ մարդիկ կխուսափեն համբուրվելուց, գրկախառնվելուց, նույնիսկ ձեռքով բարևելուց, և կպահպանեն այսպես կոչված` «սոցիալական հեռավորություն»: Ի՞նչ էլ բառ են գտել` «սոցիալական»... Սակայն միայն մի շատ կարճ ժամանակ, դա շատ կարճ է տևելու: Ամեն ինչ մոռացվելու է, և շատ արագ:

Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից, համաշխարհային տնտեսական ճգնաժամից կամ, Աստված մի արասցե, պատերազմից հետո:

Բոլոր մարդիկ դառնալու են ազգապաշտ, բարի, ազնիվ, հոգատար, աշխատասեր, հայրենասեր, հավատավոր, անկաշառ, ընկերասեր, թե հակառակը... Այլևս չե՞ն չարանալու, չե՞ն ստելու, չե՞ն նախանձելու, չե՞ն զրպարտելու, չե՞ն դավաճանելու կամ հերոսանալու, չե՞ն կռվելու և հաշտվելու, չե՞ն սիրելու կամ ատելու... Ագահությունն ու ընչաքաղցությունը նվազելո՞ւ են: Չե՞ն ստեղծագործելու...

Այդպես երբևէ եղե՞լ է, ինչո՞ւ հիմա պետք է լինի:

Կամ երկրագնդի վրա ապրող կենդանիների մոտ այդ ի՞նչն է փոխվելու:
Ի՞նչն է փոխվելու բնության մեջ... Այսինքն, որպեսզի կռահենք, թե ի՞նչն է երբևէ փոխվելու, կամ ինչը կարող է փոխվել, հավանաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք փոխվելու է մարդը, ե՞րբ և ի՞նչն է փոխվելու մարդու մոտ, մարդու մեջ և մարդկային հարաբերություններում:

Վերջին հարցի լիարժեք պատասխանը տվյալ համատեքստում կարծես թե չի նշմարվում, հետևաբար չեն նշմարվում նաև վերը շարադրված պարզունակ հարցերի պատասխանները: Սակայն եթե առավել ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ, ի զարմանս բոլորիս, համայն մարդկությունը միասնաբար, վերջնական, ամբողջական, ինչու ոչ, նաև գիտական, միջազգային օրենսդրական ու սպառիչ կերպով մինչ օրս չի սահմանել, թե ի՞նչ է հենց ինքը` «մարդ» ասածը: Ասել է, թե` փաստորեն, մարդկությունը լծվել է մի էակի հոգևոր, մտավոր և ֆիզիկական իրավունքների իրացմանը առանց հստակ և լիարժեք ընկալելու և սահմանելու դրա էությունը: Ամեն ինչ, ըստ էության, սահմանված է՝ բացի նրանից, թե վերջապես ի՞նչ է մարդը...

Իսկ մի գուցե այս «կռիվը» հենց դրա շո՞ւրջ է և դրա հիմքում ընկած հոգևորի շո՞ւրջ է... Այսինքն՝ նրա շուրջ, թե արդյո՞ք մարդ էակն առանց որոշակի հավատի, հոգևոր արժեքների, սեռի, գենետիկ ու էթնիկ պատկանելիության կենսաբանական պարզագույն միավոր է, թե՞, այնուամենայնիվ, մարդ արարած և անհատականություն, որն ի սկզբանե պատկանում է երկու սեռից մեկին (կին, կամ տղամարդ) և իր մեջ կրում է գենետիկ, էթնիկ, հոգևոր ու պատմաաշխարհագրական առանձնահատկություններով պայմանավորված յուրահատկություններ և արժեքներ` ազգություն, լեզու, հավատ, ընդունակություններ, հակումներ, հոգեբանություն, ավանդույթներ, բարոյականություն, մշակույթ և հիշողություն:

Արդյո՞ք բավարար է մարդ հասկացության բացառապես կենսաբանական բնորոշումը, ըստ որի՝ այն պատկանում է կենդանիների թագավորությանը, քորդավորների տիպին, կաթնասունների դասին, պրիմատների կարգին, հումանոիդների ընտանիքին, մարդ ցեղին և բանական մարդ տեսակին: Արդյո՞ք այս ամենը ամբողջական է բնորոշում մարդուն, թե՞ նախընտրելի է մարդու միայն աստվածաբանական սահմանումը: Իսկ մնացա՞ծը...
Իսկ միգուցե նշվածները միասին վերցրա՞ծ:
Ո՞րն է «մարդ» էակի սահմանումը:
Ո՞րն է մարդու սահմանումը:

Այո՛, հավանաբար այս ամենը կստիպի, որ երբևէ սահմանվի, ընկալվի, հասկացվի և մեկընդմիշտ ընդունվի, որ «մարդ» ասածը սովորական կենսաբանական միավոր չէ, որին հնարավոր է մոդելավորել, կլոնավորել, խաչասերել այլ կենդանու հետ, կրկնօրինակել, թվայնացնել, դարձնել միատեսակ և լիարժեք կառավարել մեկ կամ մի քանի մոդելներով, քանակական և որակական առումով: Նաև այն, որ, այո՛, մարդը բարձր արժեք է, պետք է ունենա իրավունքներ և պաշտպանվածություն, բայց այն միակ և բարձրագույն արժեքը չէ: Բարձրագույն արժեքները նրանք են, որոնք նա կրում է իր մեջ, որոնց նա դավանում է, ապավինում է և որոնց շնորհիվ գոյատևում, արարում և զարգանում է:

Եթե այս ամենի և սրան հաջորդող նմանատիպ երևույթների արդյունքում ևս մի քայլ արվի, և երբևէ տրվի մարդու սահմանումը, ապա հավանաբար միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ հնարավոր կլինի մի փոքր փոփոխել մարդկային կյանքի զարգացման ուղղությունը: Զարգացման ուղղությունը և ոչ թե աշխարհը...
Չգիտեմ երբ, բայց ուշ թե շուտ դա լինելու է:
Իսկ եթե ոչ, ապա այսպես էլ կշարունակվի` մի օր լավ, մի օր վատ, հետո` նորից լավ...

Հ․Գ․ Եթե մի պահ փորձենք պատկերացնել տիեզերքը, նաև այն, թե ինչքան չնչին մասնիկ է տիեզերքը մեծ տիեզերքի համեմատ, իսկ վերջինս` հաջորդի, և այդպես շարունակ, ապա շատ ավելի մոտ կլինենք այն մտքին, որ մարդը չի կարող անվերադարձ փոխել աշխարհը...

Ասել է, թե` տարածության և ժամանակի անսահմանության պայմաններում անհնարին է մի չնչին մոլորակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը, որովհետև կառավարումն, ամենայն հավանականությամբ, այլ տեղում է, որին պայմանականորեն մարդիկ այլ անվանում են տվել:
Աստված մեզ պահապան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել