#МногоБукфф

4 տարի առաջ պատերազմ էր, ավելի ճիշտ կլինի ասել՝ արդեն շուրջ 30 տարի ձգվող պատերազմի ակտիվ շրջանում ձեռնարկված ռազմական օպերացիա։ Ցավոք սրտի, այս ընթացքում տարբեր քաղաքական բառիգների, սրիկաների ու պարզապես էմոցիոնալ հիմարների կողմից Ապրիլյան պատերազմի արդյունքին հաղորդվեց պարտության շղարշ, ու դա արվում էր միայն մեկ նպատակով՝ պետական հեղաշրջման համար հող էր նախապատրաստվում, որի վերջնանպատակները վերջերս սկսեցին ուրվագծվել, և այդ վերջնանպատակը Արցախում ադրբեջանցիների վերաբնակեցնումն է։

Ու մինչ այդ քաղաքական բառիգնրից մեկը, ով զբաղված էր պարտության քարոզով, էսօր Եռաբլուրում ծաղիկներ էր խոնարհում։ Շատ կարևորում եմ, որ հնարավորինս շատ մարդ հասկանա, որ Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք ու ոչ թե բարոյական հաղթանակ ենք տարել, այլ շատ կոնկրետ ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական հաղթանակ։

1. Ռազմական հաղթանակ

Մենք հաղթել ենք զուտ ռազմական առումով, որովհետև պատերազմի գիտության մեջ կան հարձակողական ու պաշտպանողական գործողություններ հասկացություններ։ Հարձակողական գործողությունը համարվում է հաջողված, եթե դրա հիմքում դրված գոնե պլան մինիմումին հասնել է լինում։ Պաշտպանողական գործողությունը համարվում է հաջողված, եթե հակառակորդն անգամ իր պլան մինիմումին չի կարողանում հասնել։

Ադրբեջանի պլան մինիմումը երկու բլուր գրավելը չէր, այն էլ՝ իր հատուկ նշանակության զորքերի կարապի երգի գնով։ Ադրբեջանի պլան մաքսիմումը Մարտակերտի ու Ջաբրայիլի շրջանների զգալի մասերի գրավումն էր, որից հետո կենտրոնական ճակատում որոշիչ հարվածով Արցախյան հարցի ռազմական լուծումն էր։ Պլան մինիմումը հյուսիսում ու հարավում գոնե մի շարք բնակավայրերի գրավումն էր՝ Թալիշ, Մատաղիս, Ջաբրայիլ, Ֆիզուլի։ Ադրբեջանը այս նպատակներին հասնել չկարողացավ, ինչը նշանակում է, որ հարձակողական գործողությունը տապալվեց՝ գրանցելով մինիմալ արդյունքներ։

Ի դեպ, հետագայի համար ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, որ իրականում ոչ մի 800 հեկտար էլ չկա։ Բուն մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք մոտ 150 հեկտար, իսկ հրադադարից հետո շփման գծի օպտիմալ շտկման արդյունքում վերջնական թիվը մոտ 650 հեկտար է կազմում։ Սրան հավելենք նաև այն, որ կորուստներն էլ են անհամադրելի, որովհետև Ադրբեջանը խիստ ցավալի կորուստներ կրեց իր ԶՈւ ամենաէլիտար ստորաբաժանումներով՝ սպանվածներով ու անվերադարձ կորուստ համարվող վիրավորումներով կորցնելով հարյուրավոր հատուկնշանակայինների ու սպաների։

2. Քաղաքական հաղթանակ

Ի հեճուկս այն փաստի, որ սկսված պատերազմում Ադրբեջանը կարողացել էր որոշակի անակնկալի գործոն ձեռք բերել, հաշված ժամեր անց այդ գործոնի էֆեկտը զրոյացավ։ Դա տեղի ունեցավ նաև հայկական կողմերի քաղաքական-պետական ապարատների կտրուկ կոնսոլիդացմամբ։ Քաոսի ու խժդժությունների փոխարեն թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում սկսվեցից էական կոնսոլիդացիոն պրոցեսներ։

Դա արտահայտվում էր ինչպես նրանով, որ, օրինակ, Արցախում մինչ այդ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի համաձայնությամբ, ըստ էության, ստանձնեց կենտրոնական ուղղության հրամանատարությունը, իսկ ՀՀ-ում նույնիսկ ամենաթունդ ընդդիմադիրներն ու քաղաքական բառիգները լծվեցին պատերազմի օրակարգին։ Այլ հարց է, որ, օրինակ, «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը պատերազմն օգտագործեց իմիջային և, հավանաբար, զինվելու խնդիրներ լուծելու համար, իսկ Նիկոլը՝ իր քաղաքական դիվիդենտները քաղելու համար, բայց փաստը մնում է փաստ՝ այդ օրերին հայկական երկու պետություններում էլ բացարձակ համերաշխություն էր տիրում, քաղաքական համակարգը կայուն էր, երկրների քաղաքական ղեկավարությունները վստահ էին առավել, քան երբևէ, քանի որ թիկունքից ռիսկեր չկային։ Սա, միանշանակ, քաղաքական հաղթանակ էր։

3. Աշխարհաքաղաքական հաղթանակ

Ցանկացած ռազմական գործողության արդյունք չափվում է նաև դրա ռազմաքաղաքական ու ռազմավարական հետևանքներով։ Հաղթող կարող է համարվել այն կողմը, որն իր համար շահեկան որևէ բան է ձեռք բերում այդ արդյունքներով։

Այսօր մենք կարող ենք ֆիքսել երկու աներկբա իրողություն։

Առաջինը՝ Հայաստանն այդպիսի ձեռքբերումներ ունեցավ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների արդյունքում։ Դրա արտահայտումը Ժնևի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում փոխված բանակցային օրակարգն էր, որում առաջին պլան դուրս եկան շփման գծում վստահության և վերահսկողության մեխանիզմները, առանց որոնց բացառվում էր որևէ պրոգրես բանակցային գործընթացում։ Սովորական մահկանացուի համար բացատրեմ. հասանք նրան, որ միջնորդ երկրները ևս համաձայնվեցին, որ մինչև շփման գծում հստակ վերահսկողություն ու հասցեական պատասխանատվություն ֆիքսելու գործիքակազմ չլինի, անհնար է քննարկել, թե որ կողմն ինչ է զիջելու։

Երկրորդը՝ Ադրբեջանն էական ձեռքբերումներ ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից ու դրանց հետևած պրոցեսներից հետո։ Բանակցային գործընթացում անէացան Ժնևի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների հիշատակումները, վերելակային բանակցությունների արդյունքում Ադրբեջանը կարողացավ ոչ միայն մարսել ապրիլ-մայիսին Նախիջևանի ուղղությամբ իր դիրքերի էական առաջխաղացումը, այլ աննախադեպ անդորրի ներքո Արաքս գետից մինչև Տավուշ ձգվող շփման գծի ողջ երկայնքով հանգիստ ու անարգել իրականացրեց ամրաշինական և ինժեներական մասշտաբային աշխատանքներ։

Էպիլոգ

Բուն Ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմը վստահ հաղթանակ տարավ հակառակորդի նկատմամբ, այդ թվում, տեղեկատվական դաշտում, բայց մենք այդ դաշտում պարտվեցինք հետագա ամիսներին, ընդ որում՝ պարտվեցինք ինքներս մեզ։ Պատերազմից հետո տեղեկատվական հարվածները սկսվեցին թիկունքից, ու փոխանակ հայկական կողմը զբաղվեր նրանով, որ մի կողմից թույլ չտար Ալիևին իր ներքին լսարանին Ապրիլյանի արդյունքները խուրդել որպես մեծ հաղթանակ, իսկ մյուս կողմից՝ սեփական հանրությանը բացատրեր, որ մենք հաղթել ենք, մեզ մոտ լրիվ այլ տրամադրություններ էին։

Սկզբում «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման պարտության քարոզն էր, հետո դրան միացան բոլոր քնած գործակալներն ու քաղաքական բառիգները և արդյունքում՝ վերևում թվարկված պարզ, տրամաբանական ու փաստերի վրա կառուցված տրամաբանությունները մղվեցին տասներորդական պլան, իսկ առաջին պլան դուրս եկան 800 հեկտարը, լապատկով կռվող զինվորները, 80-ականների զենքերը, «ծախված» պատերազմն ու զոհված 100 «երեխաները», Խաչատուրովի բիլիարդն ու այլ կլիշեներ, որոնցով սասանեցին գործող իշխանությունների հիմքերը, իսկ երկու տարի անց, այդ թվում՝ այս լոլոների ու դրանց ստեղծված տրամադրությունների ալիքի վրա իշխանությունը բռնազավթեց մի դասալիք ու քաղաքական բառիգ, ով անգամ Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ հասավ ակտիվ գործողությունների ավարտից շուրջ 40 օր հետո, այն էլ պետք է շնորհակալ լինենք Արթուր Դանիելյանին, ով պարզապես դեմարշով ստիպեց, որ Փաշվեյկը համարձակվի շփման գծից մոտ 30 կիլոմետրի վրա մի երկու օր խրամատափորությամբ զբաղվել։

Հիշե՛ք, մինչև չընկալեք այս ամենը, չհասկանաք այս ամենն ու չընդունեք այս ամենը, մենք հա էլ պարտված ենք լինելու, որովհետև ցանկացած զուտ ռազմական գործողություն կարելի է խուրդել որպես պարտություն։

Պարտությունը միշտ չէ, որ հողի վրա է, ավելի հաճախ այն ձեր գլխում է։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ պարտված սարքեն ու պարտված պահեն։

Ապրիլյան պատերազմը մենք հաղթել ենք։

Հավերժ փառք մեր հերոս նահատակներին էլ ու, որ պակաս կարևոր չէ, ողջ մնացած այն տղերքին, ովքեր իրենց գործն արեցին ու չզոհվեցին։ Այս հաղթանակը միայն զոհվածներինը չէ, այն ողջ մնացածներինն էլ է, եկե՛ք չմոռանանք դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել