Վան Գոգի արվեստի մեջ մեծ դեր ուներ կրոնը: Կյանքի որոշակի փուլում նա ցանկանում էր դառնալ հոգևորական, աղքատ խավին ծառայող քարոզիչ և Աստվածաշնչի թարգմանիչ, բայց սա ամենը չէ. կրոնը շաղախվել էր նրա ողջ էությանն ու արվեստին: Նրա հավատը դոգմատիկ չէր, այն ծնվում էր նկարչի մեջ անհրաժեշտաբար ու անբացատրելի կերպով, պարուրելով նրա հոգին, սիրտը և միտքը: Վան Գոգը չէր կարողանում չհավատալ, ինչպես չէր կարող չնկարել: Կյանքի մայրամուտին՝ 1889թ.-ին, "Աստղազարդ գիշեր" կտավը նկարելիս Վան Գոգն իր եղբորը՝ Թեոյին գրված նամակում (նամակագրական կապը եղբոր հետ 18 տարեկան հասակից շարունակվեց մինչև նկարչի մահը) հայտնում է նկարի ստեղծման շարժառիթը. "Ես ինչպես և նախկինում կրոնի անհագ ծարավ ունեմ: Ահա թե ինչու ես դուրս եկա տանից և սկսեցի նկարել աստղերը":

Մնացյալը զգալն ու ըմբռնելը թողնում եմ քեզ ընթերցող: Ահա այն մարդու մտքերը, ով մտածում էր օրնիբուն, համերաշխ էր իր հոգու և ձգտումների հետ, նկարում և արարում էր չխնայելով իրեն: Կյանքում շիտա՛կ եղեք ինքներդ ձեզ հետ, հետևե՛ք ձեր երազներին և գուցե մի օր աստղազարդ երկնքում հայտնվի նաև ձեր անունը (Վան Գոգի պատվին Մերկուրիի խառնարաններից մեկը կոչվել է նրա անունով).
Ես դեռևս շատ հեռու եմ այնպիսին լինելուց, ինչպիսին որ կցանկանայի լինել, բայց Աստծո օգնությամբ ես կհաջողեմ դրանում...
***
Չնայած ամեն տեսակ դժվարություններին ու ձախորդություններին ես ոտքի կկանգնեմ, ձեռքս կվերցնեմ իմ մատիտը, որը վայր էի գցել հուսահատության պահին և կշարունակեմ նկարել...
***
Սիրի՛ր շրջակա աշխարհը որքան հնարավոր է շատ, քանի որ դրանում է պարունակվում ճշմարիտ զորությունը և աստվածճանաչողությունը, ով շատ է սիրում՝ նա ավելին կարող է իրագործել ու հասնել մեծ արդյունքների, որովհետև այն, ինչ արվում է սիրով՝ լավ է արվում...
***
Որքան մտածում եմ՝ ավելի եմ համոզվում, որ չկա ուրիշներին սիրելուց ավելի գեղեցիկ բան աշխարհում...
***
Ճշմարիտ է, որ սերը միշտ բարդություններ է առաջացնում, բայց միևնույն ժամանակ այն մեզ հսկայական էներգիա է հաղորդում...
***
Պարտադիր չէ, որ նկարիչը հոգևորական լինի, բայց նա պարտավոր է իր եղբայրներին սիրող սիրտ ունենալ...
***
Գուցե ես կարողանայի ապրել և ստեղծագործել առանց Աստծո կարիքը զգալու, բայց ես՝ տկարս, չեմ կարողանա ապրել առանց ինձանից վեր, ինձանից զորավոր արարչագործ զորության...
***
Ես երազում եմ իմ նկարը, այնուհետև նկարում եմ իմ երազը...
***
Ես միշտ կարծել եմ, որ գիշերն ավելի կենդանի ու գունազարդ է, քան ցերեկը...
***
Եթե քո ներքին ձայնն ասում է. "Դու չես կարող նկարել", ապա նկարիր ամեն գնով և այդ ձայնը կլռի...
***
Պոեզիան շրջապատում է մեզ ամենուր, բայց, ավա՜ղ, կտավի վրա այն պատկերելը այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է դիտողին...
***
Մեր սրտում վիթխարի խարույկներ կարող են լինել, բայց գուցե ոչ ոք այդպես էլ չգա ջերմանալու մեր կրակի կողքին: Անտարբեր անցորդները տեսնում են միայն մեր սրտից բարձրացող ծուխը և շարունակում են իրենց ուղին...
***
Ես դրեցի սիրտս ու հոգիս իմ աշխատանքի մեջ և ընթացքում կորցրեցի միտքս...
***
Ձկնորսները գիտեն, թե որքան վտանգավոր են ծովն ու փոթորիկները, բայց երբեք սա բավարար պատճառ չեն համարել ցամաքին մնալու համար...
***
Ավելի լավ է խիզախ լինել, թեկուզև սխալներ գործելով, քան թե լինել չափազանց խոհեմ ու կաշկանդված...
***
Մի՛ խեղդեք ձեր ներշնչանքն ու երևակայությունը, մի՛ դարձեք ձեր առջև հառնող տեսարանի գերին...
***
Լավ նկարը համարժեք է լավ արարքին...
***
Ես նկարներ ու կտավներ եմ տեսնում անգամ ամենաաղքատիկ խրճիթներում ու կեղտոտ նրբանցքներում...
***
Նկարներն ունեն իրենց սեփական կյանքը, որը ստանում են նկարչի հոգուց...
***
Կապույտ գույնը գոյություն չունի առանց դեղինի և նարնջագույնի...
***
Կտավը մեր հավատն է և այն պարտադրում է մեզ ուշադրություն չդարձնել հասարակական կարծիքին...
Բեռնե՛ք Վան Գոգի հատընտիր կտավների այս ալբոմը.

«Աշխարհը Վան Գոգի աչքերով»
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



