Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:   

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վճարված պարգևատրման չափը կազմել է 14.131.843,6 հազար դրամ (ավելի քան 29.500.000 ԱՄՆ դոլար):  

Փաստորեն՝ ՀՀ ոստիկանությունում ամսական պարգևավճարների թիվը կազմում է մոտ 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Բնականաբար՝ ցանկացած խրախուսման կամ պարգևավճարի պարագայում պետք է լինեն տեսանելի կամ չափելի արդյունքներ: Ցավոք, ոստիկանության պարագայում ևս արձանագրված ցուցանիշներն ամենևին «պարգևատրելի» չեն և, ճիշտ հակառակը, խոսում են ոլորտում առկա հետընթացի մասին:

Ընդամենը մի քանի ցուցանիշներից պարզ է դառնում՝ նոր իշխանությունների օրոք ոստիկանության աշխատանքները պարգևատրելի՞ են այդչափ առասպելական թվերով, թե՞ այդ պարգևավճարներն այս պարագայում ևս եղել են ինքնանպատակ, և վերջնարդյունքում որևէ խնդիր չի լուծվել:

Այսպես՝ 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցվել է հանցագործությունների 35.3% աճ, իսկ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850):

2019 թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների թիվը կրկնակի աճել է՝ անցած երկու տարիների համեմատ: Երևանի քաղաքային տրանսպորտում շարունակում են ազատորեն վխտալ գրպանահատները: 

Նույն հետընթացն է նաև մարզերում. 2019 թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Նույն մարզում հանցագործությունների բացահայտման տոկոսը նվազել է 3,1 %-ով՝ նախորդ տարվա 74,6 %-ից իջնելով 71,5 %-ի:

Նախորդ տարվա համեմատ մարզում ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018 թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:

Շիրակի մարզում  ևս 2019 թ. ընթացքում արձանագրվել է հանցագործություն֊ների թվի աճ. արձանագրվել է  հանցագործության 1422 դեպք, որը 2018 թվականի համեմատ ավելի է 113-ով:

Ոստիկանության գործողությունների «թագն ու պսակը» երկրում վխտացող, հանրության կողմից արդեն «ահաբեկչական» որակավորումն ստացած խմբավորումների գոյության հանդեպ «թավշյա» հանդուրժողականությունն է: Փաստորեն՝ երկրում ծայր առած «Գեբելսյան քարոզչության» արդյունքում մարդիկ կարող են օրը ցերեկով հագնել հատուկ համազգեստներ, թևերին ունենալ հատուկ տարբերանշաններ, իրենց հռչակել «հեղափոխության պահապաններ» և խմբերով ներխուժելով քաղաքացիների տներ կամ աշխատավայրեր՝ իրենց թույլ տալ «հաշիվ պահանջել» մարդկանցից՝ Նիկոլ Փաշինյանին ենթադրաբար քննադատելու կամ վիրավորելու համար:

Այս խմբավորումների միանգամայն ազատ և անկաշկանդ գործելաոճի պայմաններում (տեսագրություններով իրենց գործողությունները հանրայնացնելը և այլն)՝ իշխանությունները խոստովանում են, որ երկրում արտակարգ դրություն է, չի գործում ոստիկանությունը, դատարանները և իրավապահ համակարգի մնացած ճյուղերը, ինչի արդյունքում էլ այս ինքնահռչակ «օրենքի պաշտպաններն» են դուրս եկել փողոց՝ իրենք իրենց տալով երկրում հասարակական կարգը պաշտպանելու լիազորություներ:  

Միգուցե այսպիսի «թավշյա հնազանդության» համա՞ր ենք մեր հարկերից ամսական 1,5 միլիոն դոլար պարգևատրում ոստիկաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել