Մարտի 10-ին ԱՄՆ ևս 10 նահանգներում անցկացվեցին նախնական ընտրություններ։ Այդ նահանգների թվում են Այդահոն, Միչիգանը, Միսսիսիպին, Միսուրին, Հյուսիսային Դակոտան, Վաշինգտոնը։ Նախորդ շաբաթ կայացած Սուպեր երեքշաբթիից հետո ևս երկու թեկնածու՝ Էլիզաբեթ Ուորենը և Մայք Բլումբերգը դուրս եկան ընտրապայքարից, իսկ վերջինս իր աջակցությունը հայտնեց Ջո Բայդենին։ Այժմ ընտրապայքարն ընթանում է գլխավորապես Ջո Բայդենի և Բերնի Սանդերսի միջև։ Այնուամենայնիվ, ընտրապայքարի մեջ դեռ շարունակում է մնալ նաև Թուլսի Գաբբարդը։

Մարտի 10-ին կայացած նախնական ընտրությունների այս պահին հայտնի արդյունքներով Ջո Բայդենը հաղթում է 6-ից 4 նահանգներում, այն է՝ Այդահո, Միչիգան, Միսսիսիպի և Միսուրի։ Հյուսիսային Դակոտայում և Վաշինգտոնում, որտեղ դեռ չեն ավարտվել հաշվարկները, Բերնի Սանդերսը փոքր տարբերությամբ առաջատարն է։

Գլխավոր ընտրապայքարն այս ընտրությունների ընթացքում ծավալվում էր Միչիգան և Վաշինգտոն նահանգներում, քանզի հենց այս նահանգներից է, որ թեկնածուները պետք է ստանային ամենից շատ թվով պատվիրակների աջակցությունը։ Մինչ այժմ կայացած բոլոր ընտրությունների (այդ թվում՝ մարտի 10-ի ընտրությունների այս պահին հայտնի տվյալներով) ընդհանուր արդյունքներով Բերնի Սանդերսն ունի 663, իսկ Ջո Բայդենը՝ 823 պատվիրակ։ Տվյալների ամփոփումից հետո այս թիվը լուրջ փոփոխության չի ենթարկվի։

Ընդհանուր արդյունքներով առաջատարը շարունակում է մնալ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որին և աջակցում է ընտրապայքարից դուրս եկած թեկնածուների մեծ մասը։ Հարցումների արդյունքներով պատվիրակների մեծամասնության աջակցությունը կստանա Ջո Բայդենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել