Ոնց, ինչ, երբ ուզում եք, փնտրեք, առաջին հերթին կգտնեք ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու լրատվականներում նյութեր այն մասին, թե ոնց է Ռևան խանը 16-րդ դարում կառուցել Երևանի բերդը, նույնացնում են բերդի կառուցումը Երևան քաղաքի հիմնադրման հետ, իսկ հետո չար հայերը եկել, գրավել են ամբողջը։

Մեր հանրությունն էլ նախընտրում է թեմային չանդրադառնալ առհասարակ՝ մտքի խորքում համոզված լինելով, թե քաղաքն իրոք թուրքական է եղել, հետո դարձել է հայկական։ Այս մտքից էլ եզրահանգում են, թե թեման մենք չպետք է ուսումնասիրենք, քանի որ թուրքերի ջրաղացին ջուր ենք լցնում։

Իրավիճակն այսօր․ մենք լռում ենք, իրենք՝ խոսում։

Ի՞նչ անել։

Սցենար 1․ լռել

Ինձ համար անընդունելի, քանի որ որոշ ժամանակ անց մեր հասարակության մեջ նույնիսկ կսկսեն խեղաթյուրված այս տարբերակը ցիտել՝ հակառակը պնդողներին էլ կեղծարար անվանելով։

Սցենար 2․ ուսումնասիրել՝ անտեսելով թուրքական ժառանգությունը

Ինձ համար նույնպես անընդունելի, քանի որ ընտրողաբար ուսումնասիրությունը չի տա մեր դեմ ուղղվող մեղադրանքների պատասխանները։ Այլ խոսքերով ասած՝ «Ռևան խանը հիմնել է Երևան քաղաքը» պնդմանը իրավունք չունենք պատասխանելու․ «Դուք սուտասան եք, Ռևան խանը ոչինչ չի կառուցել, Երևանի բերդ գոյություն չի ունեցել, Սեֆյան Պարսկաստան գոյություն չի ունեցել, Իսմայիլ շահը Հայաստանը երբեք չի գրավել» ու այլ այս մակարդակի պատասխաններ։

Սցենար 3․ ուսումնասիրել՝ խոսելով թե՛ մեր, թե՛ թուրքական ժառանգության մասին

Արդյունքում հայկական պատմությունը կիմանանք լավ, թուրքական ժառանգությունը կիմանանք լավ, թուրքական բոլոր պնդումների իրական ավելի խորը բազմակողմանի պատմությունը կիմանանք լավ, ու կիմանանք՝ որ պնդմանը ոնց ենք արձագանքում։ Միայն սրանից հետո կարելի է իրոք հիմնավորված պնդումներով չեզոքացնել ցնդաբանությունները, ներկայացնենք մեր իրական պատմությունը, որում Երևանը հին հայկական քաղաք է, որը հենց «Երևան», այլ ոչ «Էրեբունի» անվան տակ հիշատակվում է առնվազն 7-րդ դարի սկզբից, որտեղ մենք մինչև կես դար առաջ ունեինք առնվազն 11-րդ դարի Կոզեռնի հայկական գերեզմանատուն, հետևաբար նաև հայկական բնակչություն, որտեղ մենք ունեցել ենք շարունակական հայկական բնակչություն իր ողջ գոյության ընթացքում, ու որտեղ առաջին մզկիթը կառուցվել է 16-րդ դարի սկզբին։ Պետք է գիտակցենք, որ 16-18 դարերում թուրքական ժառանգությունը մեր քաղաքում որևէ կերպ չի նվազեցնում քաղաաքի հայկական ժառանգությունը։

Մի վախեցեք Երևանի մուսուլմանական ժառանգությունից, մի վախեցեք ինքներդ խոսել Իսմայիլ շահի կողմից Երևանի բերդի կառուցման մասին, մի վախեցեք խոսել Երևանում կառուցված մզկիթների մասին․ այդ ամբողջը նույնպես մեր քաղաքի պատմությունն է, որտեղ մենք եղել ենք, կանք ու կլինենք։

Ազատ ժամանակ կարդալիք մի հոդված, որ զգալի ժամանակ կազմում եմ Վիքիպեդիայում՝ Երևանի մասին հիշատակությունները մինչև 16-րդ դարը, այսինքն՝ մինչև Երևանի բերդի կառուցումը ղզլբաշերի կողմից:

Կից նյութն այստեղ՝ Երևանի մասին հիշատակությունները մինչ 16-րդ դարը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել