Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ, հիմնարկի կանոնադրության՝ 2018 թ. հունվարի 11-ին հաստատված լինելու և նշված տարում հաշվապահական հաշվառումը ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվելու պատճառով, 2018 թ. տրամադրված պարգևավճարների մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել: 

Հայտնվում է նաև, որ ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2019 թ. պարգևատրման ֆոնդը կազմել է 188 մլն 223 հազար ՀՀ դրամ, որից որպես պարգևավճար հատկացվել է 188 մլն 122 հազար դրամ (շուրջ 393 հազար դոլար): Այս գումարը, ըստ գրավոր տեղեկության, բաշխվել է հիմնարկի ավելի քան 190 աշխատակիցների միջև:

Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակից միջինացված թվերով ստացել է գրեթե 1 մլն դրամ (շուրջ 2.000 ԱՄՆ դոլար) պարգևավճար, իսկ պետական կազմակերպությունը պարգևավճարի տեսքով ամսական ծախսել է շուրջ 33.000 դոլար:

Գրեթե նույնքան չափով (միջինացված հաշվարկով՝ ամսական 1 մլն դրամ կամ շուրջ 2.000 դոլար) պարգևավճար ստացել էր նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  յուրաքանչյուր աշխատակից, սակայն, ի տարբերություն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ոչ թե 2019 թ., այլ անցած 20 ամսվա կտրվածքով:   

Մեկ այլ՝ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի  պարգևատրման ֆոնդը կազմել է նույն 20 ամիսներին (09.05.2018 - 31.12.2019 թթ.) կազմել է 230.024.700 դրամ (շուրջ 482 հազար դոլար), և այս գումարից նույն 20 ամիսների կտրվածքով յուրաքանչյուր աշխատակից ստացել է արդեն շուրջ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (հիմնարկի աշխատակիցների առավելագույն թիվը 195 է):

Իսկ ահա ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում յուրաքանչյուր աշխատակից է նույն 20 ամիսներին (09.05.2018 - 31.12.2019 թթ.) ստացել է շուրջ 2.750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (հիմնարկի պարգևավճարների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 830.000 ԱՄՆ դոլար, աշխատակիցների առավելագույն թիվը՝ 302):

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ, ինչպես մյուս բոլոր պետական հիմնարկություններում, ԿԵ տեսչական մարմիններում ևս պարգևավճարների մասով չկա որևէ տրամաբանություն: Ավելին, չնչին բացառություններով, պարգևատրման ֆոնդի և բաշխված գումարների գրեթե նույնական լինելու փաստը մեզ հիմք է տալիս պնդելու, որ հիմնարկների ղեկավարները ձգտել են ոչ թե նշված գումարների ճիշտ տնօրինմամբ բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, այլ վերջիններիս նպատակն է եղել ամեն գնով սպառել այդ գումարը՝ տարեվերջին  վերջինս ավելցուկի տեսքով պետական բյուջե հետ չվերադարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել