Մի կողմ թողնելով ու իհարկե չանտեսելով Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված Հայաստանում առաջացած խուճապը, վերջին օրերում Իրան-Հայաստան հարաբերությունների հետ կապված ու դրա վրա ազդող եւս մի շարք այլ ուշագրավ զարգացումների ականատես եղանք, որոնք կարծես թե վրիպեցին մեր հարգելի իրանագետների հայացքից:
Նախօրեին Հայաստանի Հանրային Ռադիոյի պարսկերեն բաժինը հյուրընկալեց մեկ իրանցի եւ մեկ իրանահայ գործարարների քննարկելով Հայաստանի բանկային համակարգում իրանցի գործարարների ու առեւտրականների առջեւ ծառացող խնդիրները:
Հայաստանյան բանկերի կողմից Իրանի քաղաքացիների ու որոշ դեպքերում նույնիսկ Հայաստանի կամ այլ երկրների քաղաքացիություն ունեցող սակայն Իրանում ծնված անձանց համար ստեղծվող խոչընդոտների հարցն ամիսների վաղեմիություն ունի, սակայն ինչպես պարզվում է խնդիրը դեռ շարունակվում է չլուծված մնալ: Իրանցի գործարար Անսարին, որը երկար տարիներ է ինչ Հայաստանում բիզնեսով է զբաղված հստակ կերպով հայտարարել է, որ անցյալում նման բարդություն գոյություն չի ունեցել եւ դա առաջացել է վերջին երկու տարվա ընթացքում, որը համընկնում է Հայաստանում թավշյա իշխանափոխությանը (https://fa.armradio.am/…/مشكلات-خدمات-بانكى-شهروندان-ايران…/):
Նույն օրը նաեւ արձանագրվեց մեկ այլ ուշագրավ իրադարձություն: Ֆինանսական ակտի մասնավոր աշխատանքային խումբը՝ FATF-ը Փարիզում գումարված նստաշրջանի ավարտին Իրանին վերադարձրեց իր սեւ ցուցակի մեջ, բոլոր երկրներին կոչ անելով առավել զգուշավոր լինել Իրանի հետ իրենց ֆինանսական հարաբերություններում: Տնտեսագետների համոզմամբ FATF-ի ընդունած որոշման արդյունքում նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը (որն ի դեպ նախագահում էր այդ նստաշրջանը) այսուհետ սահմանափակելու են Իրանի հետ իրենց ֆինանսական հարաբերությունները:
Չի բացառվում, որ արդեն իսկ իրանցի քաղաքացիների համար խոչընդոտներ ստեղծող հայկական բանկերը նոր որոշման ազդեցության ներքո կարող են առավել խիստ սահմանափակություններ ստեղծել, բարդացնելով Հայաստանում իրանցի գործարարների աշխատանքը:
Սրան զուգահեռ օրերս «Նաիրիտ»-ն իրանական ընկերությանը վաճառելու կապակցությամբ տարվող բանակցությունների շուրջ լուրեր հայտնվեցին հայկական մամուլում:
Պարզվում է, որ գործարանը գնելու ցանկություն է հայտնել իրանական Tabriz Petrochemical Company-ն, որը տարիներ է ինչ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն «Ազատության» հետ զրույցում այն պայմաններում է հայտարարել, այդ կապակցությամբ իր անտեղյակության մասին, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի կայքում պարզ որոնում կատարելով կարելի է դա նկատել (https://www.azatutyun.am/a/30426527.html): Իհարկե «Ազատությունը» հեշտացնելով ՀՀ կառավարության աշխատանքն այդ մասին հարցում է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, որը հաստատել է թե հիշյալ ընկերությունը 2013 թվականի մայիսից ընդգրկված է պատժամիջոցների ցուցակում (https://www.azatutyun.am/a/30432137.html):
Որքան էլ, որ ցավալի սակայն անժխտելի փաստ է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված ընկերության հետ ցանկացած տեսակի համագործակցություն ու պայմանավորվածություն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, հատկապես որ տվյալ դեպքում բանակցությունը վարում է ոչ թե մասնավոր բաժնի կապիտալով աշխատող մի ընկերություն, այլ ՀՀ կառավարությունը: Միեւնույն ժամանակ պատժամիջոցների ցուցակում ներառված ընկերության հետ նման համագործակցությունը պարունակում է բարձր մակարդակի կոռուպցիոն ռիսկեր: Հիշեցնենք, որ նավթի ու նավթաքիմիական արտադրանքների ոլորտում Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը վերաբերող կոռուպցիոն գործարքների հետ կապված բազմաթիվ դատական գործեր են քննվում տարբեր երկրների, այդ թվում նաեւ հենց Իրանի ներքին դատարաններում:
Ի դեպ, Հայաստանի կառավարությունն այն պայմաններում է բանակցում մայրաքաղաք Երեւանի բազմաբնակիչ շրջանների հարեւանության մեջ գտնվող «Նաիրիտ»-ը նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող իրանական ընկերությանը վաճառելու շուրջ, երբ Եղվարդում իրանահայ գործարարի ներդրմամբ կառուցված «Ամօյլ» գործարանի աշխատանքի ճամբին բնապահպանական հարցերի հետ կապված ժամանակ առ ժամանակ խոչընդոտներ են ստեղծվում:
Պարզվում է, որ ժամանակին հատկապես Իրանի հետ կապված հարաբերություններում իր կոմպլիմենտար արտաքին քաղաքականությամբ հայտնի Հայաստանն այսօր ճոճանակի նման տարուբերվում է պատժամիջոցների ենթարկված ընկերության հետ բանակցելու եւ բանկային պարզ գործարքների խոչընդոտման երկու ծայրահեղությունների միջեւ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել