Հանրաքվեի քարոզարշավը դեռ չսկսած, իշխող ուժի կողմից այդ առումով նախապատրաստական կազմակերպչական հարցերը չավարտված, Նիկոլ Փաշինյանն իր թիմի ու նաև հանրության համար ֆիքսեց խաղի կանոնները՝ «այո»-ի կամ «ոչ»-ի հարցում կողմնորոշվելու համար նայեք ճանապարհի նկարին՝ նախկին փոսերին ու ներկայիս ասֆալտին ու պարզ կլինի, թե ինչ եք քվեարկելու։

Բայց ոչ մի քաղաքական ուժ չվերցրեց «ոչ»-ի դրոշը, դրանով պարզարոշ հասկացնելով, թե սա քաղաքական վեճ չէ, այլ՝ իրավական, այդ իսկ պատճառով «ոչ»-ը պաշտպանելուն լծվել են մի շարք փորձառու ու հանրությանը հայտնի իրավաբաններ, որոնց նպատակը «ոչ» կամ «բոյկոտ» քարոզելը չէ, այլ հանրությանը ներկայացնելը, թե այս հակաօրինական ու հակասահմանադրական միջոցառմանը մասնակցելն ու այն լեգիտիմացնելն ինչ վտանգներ է իր մեջ պարունակում և ինչ վնասներ է հասցնելու մեր երկրին, նրա միջազգային վարկին։

Բայց դա չխանգարեց Փաշինյանին, որ թշնամի հայտարարի նախկիններին ու փորձի նրանց դեմ հաղթանակ տանել։ Չպետք է մոռանալ, որ անգամ հանճարեղ ստրատեգ Նապոլեոն Բոնապարտը գրավեց ռուսների մայրաքաղաք Մոսկվան, որը սիրահոժար թողել էին նրան ու հետ քաշվել, տոնեց իր հաղթանակը, մի քիչ վայելեց այն ու հասկացավ, որ այդ հաղթանակն իր պարտության սկիզբն էր։ Եթե հանրության կողմնորոշվելու համար Փաշինյանն առաջարկում է գնահատել արածն ու չարածը՝ նոր իշխանությունների ու նախկին, արդյունքում ինքը դնում է իր վստահության հարցը։ Դե ինչ, այդ պարագայում հանրային գործիչներն ու լրատվամիջոցները պետք է հանրությանը ներկայացնեն Փաշինյանի տրված խոստումներն ու իրական վիճակը՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող, լինի դա՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, թե արտաքին քաղաքական։ Ու պետք է հստակ տարանջատել՝ տրված խոստումներ անփորձ ընդդիամադիր գործչի կողմից, և սուտ խոստումներ՝ տրված վարչապետի կողմից։ Ինչո՞ւ է պետք այս տարանջատումը, քանի որ, եթե պետական կառավարման փորձ ու անհրաժեշտ ինֆորմացիա չունեցող Փաշինյանը խոստումներ է տվել, որոնք չի կատարել, կարող ենք ըմբռնումով մոտենալ, դե փորձ չուներ, հիմա ունի, այլևս սխալներ չի անի։ Բայց եթե ինքը ստախոս է, ապա փորձ ձեռք բերելուց հետո կդառնա փորձառու ստախոս, իսկ այդ դեպքում նրա դեմ պայքարելը դառնալու է ավելի դժվար, քանի որ ինքը գիտի որ ճիշտ չէ, բայց իրեն այդպես է հարմար ու շարունակելու է իր ցածրաճաշակ պոպուլիզմով մոլորեցնել հանրությանը։ Իսկ հեղափոխությունից երկու տարի հետո էլ դարձյալ իրեն սխալները մատնանշողին որակում է հակահեղափոխական, ռևանշիստ, «սև»։ Այսպես պայքարը «ներքին թշնամու» հետ կարող է մարդկային ու նյութական լուրջ կորուսերի հանգեցնել։

Մենք շուրջ յոթ տասնամյակ եղել ենք Խորհրդային Միության կազմում, ու նրա պատմությունն ու առավելևս դասերը մոտ ու հասկանալի են մեզ։ Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում 1917 թվականին իշխանության եկած բոլշևիկները շուրջ 20 տարի պայքարեցին երկրի «ներքին թշնամիների» դեմ, 1937 թվականին էլ գլխատեցին ազգի սերուցքը, դրանից հետո ԽՍՀՄ-ը ներքաշվեց համաշխարհային պատերազմի մեջ, միլիոնավոր զոհերի ու ավերածությունների գնով դուրս եկավ այդ վիճակից, և դարձյալ զբաղվեց ներքին զտումներով ու վերջապես հայտարարեց, որ ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել սոցիալիզմի լիակատար ու վերջնական հաղթանակ։ Ինչը բնութագրվում էր, որ չկա այլևս ներքին ու արտաքին այնպիսի ուժ, որ ունակ է տապալել իրենց բանվորագյուղացիական պետությունը։ Բայց այդ հայտարարությունից ընդամենը երեք տասնամյակ հետո այդ երկիրը լուծարվեց։ Ահա սա է այդ ինքնանպատակ հզորացման վերջնարդյունքը, որ ավելի երկար ամրապնդում ես իշխանությունդ՝ ոչ միայն մարդկային զոհերի, այլև ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով, ու ավելի կարճ ժամանակում այդ հզոր երկիրը ոչ կենսունակ է դառնում ու մահացու ճաքեր տալիս ներսից։

Պետք է այս քարոզչական փուլն օգտագործել ու հանրությանը ներկայացնել, որ եթե Փաշինյանը պարտվի, ուրեմն ինքը չունի այլևս հանրային աջակցություն ու դրանով իրեն անվստահություն է հայտնված, իսկ եթե հաղթի, ապա դա «նապոլեոնյան» հաղթանակի պես մի բան է, հաղթանակ է ոչ մեկի հանդեպ, նրա պարտության սկիզբը։ Քանի որ այդ հաղթանակից մեր երկրի համար ոչ մի դրական հարց չի լուծվելու։

ԽՍՀՄ-ի տխուր և ուսուցանելի վերջաբանը տեսանք, բայց այն ատոմային գերտերություն էր, մենք ի՞նչ ենք։ Փոքր երկիր, գտնվող բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի կարգավիճակում։ Փաշինյանը չի հասցի ավարտել պայքարը «ներքին թշնամիների» դեմ, երբ դրսից ու ներսից այնպիսի հարված կստանա, որ դա կլինի իր լիակատար ու վերջնական ջախջախումը։ Իսկ մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրա կործանումը կործանարար չլինի նաև մեր երկրի համար։

Քարոզարշավի այս ողջ փուլը պետք է ծառայեցնել կանխարգելիչ քայլերին, որպեսզի հանրաքվեից հետո երկիրը չնկնի ցնցումների մեջ։ Շատ ավելի լուրջ անելիք կա, քան սոսկ «ոչ» կամ «բոյկոտ» քարոզելը՝ անիմաստ հանրաքվեի պարագայում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել