Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Հաստատված է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել է Ջահանփուրը, ինչպես հետեւում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից: Նա նաեւ նշել է, որ երեք վարակվածներն իրանցիներ են:

Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Ինչպես հայտնել է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել:

Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռըզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել է, որ քաղաքում երկու հիվանդանոց է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար: Նա նաեւ ասել է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում է, եւ խորհուրդ է տվել չանհանգստանալ դրա տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել է, որ Կումում որոշում է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել ուսումնական պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել