Թուրքիայում ԵՄ դեսպանների պատվիրակությունը տպավորված է ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Կարս նահանգի հնագիտական տեղանքից՝ Անիից, որը նաև հայտնի է որպես «համաշխարհային քաղաք» կամ «քաղաքակրթությունների օրրան»:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքի՝ Անին, որը գտնվում է Հայաստանի հետ Թուրքիայի փակ սահմանի կողքին, 10-րդ դարում Բագրատունիների միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղաքն էր:

Այն կոչվում է նաև «համաշխարհային քաղաք», «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», «քաղաքակրթությունների օրրան» և «քաղաք՝ 40 դռներով»: Անին 2016 թվականին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Շատ ուրախալի էր տեսնել հին պատմությունը արևի և կապույտ երկնքի տակ»,- ասել է Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար Քրիստիան Բերգերը:

«Թուրքիայում կան շատ պատմական, մշակութային վայրեր, սակայն Անին այլ է»,- ասել է Բերգերը և թուրքերենով ավելացրել. «Ani՛ye hayran kaldım» (ես հիացած եմ Անիով):

Թուրքիայում Լատվիայի դեսպան Պետրիս Էլֆերտսն ասել է, որ իր երկրում խորհուրդ կտա, որ Անի այցելեն՝ ավելացնելով, որ Անին Թուրքիայում տարբեր մշակույթների գոյակցության խորհրդանիշ է:

Հատկանշական է, որ դեսպանները հատուկ շեշտել են Անիի հայկական լինելը, Հայոց թագավորանիստ քաղաք լինելը, չնայած որքան էլ փորձել են դեսպանների խոսքը կրճատել թուրքական լրատվամիջոցները, միևնույն է, դեսպանների խոսքը միշտ պտտվել է հայկական լինելու առանցքի շուրջ:

Դեսպանները տպավորվել են հատկապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել