«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումները քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  hետ համատեղ մշակում են նոր փաթեթ՝ հատկապես թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսամոտորային ուղևորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու համար: Ենթադրվում է, որ օրենսդրական փաթեթը որոշ սահմանափակումներ կկիրառի, մասնավորապես, երթուղային տաքսիների նկատմամբ՝ առավել խստացնելով տեխզննման պայմաններն ու հաճախականությունը:

Բացի այդ, ըստ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին ուղղված  դիմում-բողոքների, վերջին մի քանի ամիսներին հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, կան վարույթներ, որոնք ընթացքի մեջ են: Ի՞նչ է  նախատեսվում նոր օրենսդրական փաթեթով՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այժմ հարյուրավոր չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ, տաքսիներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրման համակարգում եւ  փաստացի կատարում են բացառապես կանոնավոր ուղեւորափոխադրում որոշակի երթուղով, ինչի հետեւանքով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տվյալ երթուղին օրենքով սահմանված կարգով սպասարկող  կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների համար։ Լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան բացառել միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումները տաքսիների միջոցով։

Որպես պարտադիր պահանջ՝  տեսչական մարմինը պատրաստվում է վերահսկողության ընթացքում հետևել օրենքի պահանջների պահպանմանը ուղևորափոխադրողների կողմից, այն է՝ ավտոմեքենան պետք է կողային դռներին ունենա համապատասխան գրառում, այդ թվում՝ նվազագույն արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ արժեքով է կատարվում ուղեւորափոխադրումը: Տանիքին  պետք է տաքսու համապատասխան նշան ունենա եւ կահավորված լինի պարտադիր սակագնային չափիչով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել