2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո 2-3 օր գիշերները չէր ստացվում քնել։ Հակասական էմոցիաներն ու մտքերը թույլ չէին տալիս։ Ուրախ էի, որ ստացվել էր հսկայական աշխատանքի արդյունքում մեդալ նվաճել, բայց և տխուր էի, որ ոսկին չստացվեց, երբ այնքան մոտ էր...

Գիշերները՝ ժամը երեքի-չորսի կողմ, երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել, որ մտքերս ցրվեին, գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր, ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ, որոնց ճանաչում էի, կամ նոր էինք ծանոթանում...

Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանտի՝ ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած իր 2 թիմակցի հետ։
Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում, թե քանիսը կուզեին նրա տեղը լինել... Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է։

Տարիներ անց կարդացի բասկետբոլի անվանի մարզիչներից մեկի գիրքը։ Այնտեղ, խոսելով շատ հայտնի տարբեր մարզիկների մասին, մարզիչն անընդհատ առանձնացնում էր Բրայանտին՝ որպես բացարձակ պրոֆեսիոնալի, իր գործին նվիրված յուրահատուկ մարզիկի։

Ընդամենը մի քանի օր առաջ էլ հերթական թռիչքիս ժամանակ օդանավակայանում հանդիպեցի արդեն Բրայանտի հեղինակած գրքին՝ սերունդներին մոտիվացնող և սպորտի գեղեցկության մասին պատմող...

Եվ հիմա ուղղակի չես պատկերացնում, թե ինչպես մի քանի ակնթարթում կարող է ամեն ինչ փոխվել։ Իրապես ապրել է պետք կյանքը, քանզի այն անկանխատեսելի է։ Համաշխարհային սպորտը մեծագույն կորուստ ունեցավ։ Ափսոս․․․ (

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել