Աշխարհ կանգնի, իջնող կա: Այս արտահայտությունը վերջին օրերին հաճախ ես լսում: Պատճառը գազի թանկացումն է, որը հանգեցրել է նաև մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների թանկացմանը: Երբ զերծ ես մնում զգացմունքայնությունից և փորձում ես երևույթը դիտարկել սթափ` հասկանում և ընդունում ես, որ այն, ինչ կատարվում է, ինչ որ չափով օրինաչափ է: Գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են ու տնտեսվարող սուբյեկտը նույնպես պետք է թանկացնի իր արտադրանքը կամ ծառայությունը, քանի որ թանկանում է դրանց ինքնարժեքը: Ու այդ ամենը պետք է փոխհատուցի շարքային սպառողը: Այդպես է ամբողջ աշխարհում և Հայաստանը բացառություն չէ: Հայաստանը, ինչպես ցույց է տալիս փորձը, բացառություն է այլ, մասնավորապես տնտեսվարողների կողմից գների անհամաչափ բարձրացման սուր անկյունից: Շատերդ կհաստատեք, որ նախկինում նման դեպքերի հանդիպել ենք: Ասենք, համաշխարհային շուկայում որոշ չափով բարձրանում էին նավթի կամ բենզինի գները, Հայաստանում այդ ապրանքատեսակների նկատմամբ մարժան էլ ավելի էր բարձրանում: Ասել է թե, տնտեսվարող սուբյեկտները` օգտվելով օբյեկտիվ իրավիճակից, փորձում էին գերշահույթներ ապահովել: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում ու բնական է, որ կառաջանային շատ ու շատ հարցեր: Արդյոք գազալցակայանները համաչափ են բարձրացրել մեկ խորանարդ մետրի գինը, իսկ այն բարձրացել է մոտ 40 դրամով, արդյոք ուղևորատար տրանսպորտի գնի բարձրացումը հավասարազոր է գազի գնի բարձրացմանը, հիշեցնեմ, որ խոսք է գնում 150-ից 200 դրամ դարձնելու մասին, արդյոք տաքսի ծառայությունների սեփականատերերը գերշահույթ չեն ստանում` մեկ կիլոմետրի համար որոշ տաքսի ծառայություններ արդեն 200 դրամ են պահանջում….Եվ այս հարցերի պատասխանները պետք է տա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Որքան հասկանում եմ, նրանք արդեն սկսել են ուսումնասիրությունները և խոստացել, որ անբարեխիղճ տնտեսվարողները խստագույնս կպատժվեն: Տեսնենք, տեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել