Հապալասի հյութն օգնում է իջեցնել արյան բարձր ճնշումը և բարելավում է արյան անոթների աշխատանքը, ասվում է Հելսինկիի համալսարանի վերջերս կատարված ուսումնասիրության մեջ, հաղորդում է Medical Xpress-ը:

Դեղագործության ամբիոնի դոկտոր Էն Կիվիմյակին իրականացրել է փորձնական ուսումնասիրություն՝ հիպերտենզիա ունեցող լաբորատոր առնետների մասնակցությամբ: Մոտ երեք ամիս կենդանիներին տվել են լոռամրգի, սև հաղարջի և հապալասի հյութեր: Այս հատապտուղները մեծ քանակությամբ պոլիֆենոլներ են պարունակում, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ հապալասի նոսրացված հյութը զգալիորեն իջեցրել է արյան բարձր ճնշումը, իսկ խիտ ըմպելիքը դրականորեն է ազդել արյան անոթների վիճակի վրա: Ընդ որում այն չի խոչընդոտել արյան ճնշման տարիքային բարձրացմանը: Այլ հյութերի ազդեցությունն այնքան էլ նկատելի չի եղել:

Ինչպես նշել է ուսումնասիրության հեղինակը, ստացված տվյալները պետք է ստուգվեն մի փոքր բարձր արյան ճնշմամբ մարդկանց վրա:

«Հապալասի հյութը չի կարող փոխարինել դեղորայքին, բայց դա լավ հավելում է սննդին»,- ասել է Կիվիմյակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել