Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը դեկտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին հանդիսատեսի դատին հանձնեց իր իր նոր, հումորային In Gold We Trust մոնոներկայացումը:

«Ինքս հոգնել էի խոզի բդի, «Մայրաքաղաքային» աղցանի ու նմանատիպ թեմաներին վերաբերող արդեն ստանդարտ դարձած հումորներից, դրա համար էլ հասկացա, որ այդ ձևով չեմ ցանկանում ներկայանալ: In Gold We Trust մոնոներկայացմանն անդրադառնում եմ սոցիալական, քաղաքական թեմաների, կին-տղամարդ հարաբերություններին և ոչ միայն: Իրականում այս ներկայացմամբ ես փորձում եմ ցույց տալ մեր կյանքը, իրականությունը մի քիչ այլ տեսանկյունից: Այս անգամ այդ տեսանկյունը հոգևորի և նյութականի բախման մեջ էր: Այդ բախման մեջ վերլուծում ենք և՛ կին-տղամարդ հարաբերությունները, և՛ քաղաքական կյանքը, և՛ փիլիսոփայությունը: Շատ պատահական թեման ընտրեցի: Ամեն ինչ սկսվեց Gold բառից, երբ L-ն հանեցի ու ստացվեց God: Այդպես կամաց-կամաց ամեն ինչ կապեցի իրար, ու նյութը ձևավորվեց»,- նշում է Հայկ Պետրոսյանը:

In Gold We Trust մոնոներկայացումը շարունակություն կունենա նաև 2020-ին: Ներկայացումը նախատեսված է հունվարի 13-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: Հայկը վստահեցնում է, որ նոր ներկայացումը պարբերաբար թարմացվելու է:

«Ներկայացումն անպայման կթարմացվի, նոր երգեր կավելացնեմ, որոշ կատակներ կփոփոխվեն: Առհասարակ, այս ոճի ներկայացումներում փոփոխությունը պարտադիր բան է, որովհետև միգուցե մոտ օրերս մեր երկրում այնպիսի իրադարձություն լինի, որը պետք լինի բերել ներկայացման մեջ»:

Նշենք, որ այս ներկայացումն էլ երաժշտական է, քանի որ, Հայկի խոսքով, իր պարագայում առանց երաժշտության պարզապես հնարավոր չէ։ Ինչպես միշտ, սցենարի հեղինակն էլ Հայկ Պետրոսյանն է: Ավելի վաղ որոշում էր կայացրել, որ տարեվերջին ներկայանալու է «Իմ երազած Նոր տարին» ներկայացմամբ, որը չէր լինելու stand up ժանրում, սակայն հասկացավ, որ դեռ դրա ժամանակը չէ:

«Առաջին անգամ բեմում լինելու էի ոչ թե որպես Հայկ, այլ որպես կերպար, ով այլ անունով էր ներկայանալու: Սակայն դա այլ մասշտաբների աշխատանք էր ենթադրում: Ի վերջո հասկացա, որ այս անգամ ևս կներկայանամ stand up ժանրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել