Մեր օրերում մայրերն ու երեխաները սիրում են տարբեր ֆոտոշարքերի մասնակցել ու ցույց տալ, թե որքան ներդաշնակ են իրենք միմյանց հետ հարաբերություններում։ Անգամ նորածին երեխաներն են մի քանի ամսվա ընթացքում հասցնում բազմաթիվ լուսանկարներում երևալ, որտեղ մայրերը ջերմորեն գրկում են նրանց ու վայելում բազմաթիվ հավանողների գովասանքի խոսքերը։ Սակայն ամեն բան այսպես չի եղել այն ժամանակներում, երբ լուսանկարվելն այնքան էլ հեշտ չէր, սակայն հարուստներն ուզում էին անմահացնել իրենց երեխաներին։ 

19-րդ դարում, օրինակ, մայրերն իրենց երեխաների հետ լուսանկարվում էին այնպես, որ իրենց դեմքը ոչ մի կերպ չերևա։ Նրանք կա՛մ փակում էին դեմքը որևէ կտորով, կա՛մ, որ ավելի սարսափելի է, խնդրում էին լուսանկարչին ֆոտոշոփի միջոցով կտրել իրենց «խանգարող» գլուխը։ Սակայն ինչո՞ւ էին նրանք այդպես վարվում։ 

Նախ, իհարկե, պարզ է, որ մայրերը լուսանկարվում էին իրենց երեխաների հետ, որովհետև երեխան պարզապես առանց մոր չէր կարող այդքան երկար նստել աթոռին։ Շատ լուսանկարչական ստուդիաներ հատուկ մարդկանց էին վարձում կամ կենդանիներ էին պահում, որոնք կկարողանային զվարճացնել երեխային, ու նա երկար նստած կմնար, սակայն այս մեթոդներն արդյունավետ չէին, ու, միևնույն է, նրանք հանգում էին այն գաղափարին, որ անհրաժեշտ է ինչ-որ մեկը, ով իր գրկում կպահի երեխային, ու այդ ինչ-որ մեկը հաճախ դառնում էր հենց երեխայի մայրը։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր պարտադիր թաքցնել դեմքը։ 

Այս հարցի հետ կապված կա երեք մոտեցում։ 

Առաջին մոտեցման համաձայն՝ այդ ժամանակներում երեխաներին լուսանկարում էին պարզապես հարազատներին լուսանկարն ուղարկելու համար, ու այդ դեպքում պարտադիր չէր, որ մայրը երևար, ու մայրը նախընտրում էր ուղղակի ծածկել երեսը, որ միայն երեխայի լուսանկարն ուղարկվեր հարազատին։ 

Երկրորդ տարբերակի համաձայն, որն, ի դեպ, բավականին վիճելի է, մայր դարձած կանայք իրավունք չունեին լուսանկարվելու և ստիպված էին փակել դեմքը, որ չերևան։ Սակայն այս տարբերակն աբսուրդային է նրանով, որ մենք կարող ենք գտնել նաև 19-րդ դարում լուսանկարված կանանց լուսանկարներ, ովքեր ամուսնացած էին ու երեխաներ ունեին։ 

Իսկ ըստ երրորդ տարբերակի՝ լուսանկարում իրականում մայրերը չէին լինում։ Դրանցում նստած ու երեխային գրկած էին լինում դայակները ու, իհարկե, մայրերը չէին ցանկանում, որ իրենց երեխան երևա որևէ դայակի գրկում նստած, որովհետև դայակներն իրենց ստատուսով ցածր էին բարձրաշխարհիկ տիկնանցից ու պարզապես իրավունք չունեին երևալու։ 

Թե այս տարբերակներից որ մեկն է լիարժեք ճիշտ, դժվար կլինի ասել։ Ավելի հեշտ կլիներ ամեն բան, եթե կարողանայինք գտնել այդ դարը վերապրած որևէ մեկին, ով մեզ ամբողջությամբ կներակայացներ լուսանկարվելու այդ արվեստի բոլոր գաղտնիքները, սակայն այդպիսի մեկին գտնելը, համենայն դեպս ողջերի մեջ, անհնար կլինի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել