Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հայտարարությունն առ այն, որ իր երազած Հայաստանում այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն, ընդհանրապես չի տեղավորվում ներկայիս իրականության շրջանակներում:

Իհարկե, ինքնին գաղափարը լավն է, միայն այն դեպքում, երբ երկիրը տիրապետում է բավականաչափ նյութական և մարդկային ռեսուրսների: Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը ներկա ժամանակահատվածում պարզապես հնարավորություն չունի հրաժարվելու պարտադիր զինվորական ծառայությունից և ամբողջապես անցնելու պայմանագրային ծառայության, քանի որ առկա են դեմոգրաֆիական և ֆինանսական լուրջ խնդիրներ: Չմոռանանք նաև արտաքին վտանգների և պատերազմի վերսկսման հնարավորության մասին:

Ամբողջապես պայմանագրային հիմունքներով զինծառայությանն անցնելն ու պարտադիր զինծառայությունից հրաժարվելը անխուսափելիորեն բերելու է զինված ուժերի թվաքանակի կտրուկ նվազման, ինչը կարող է անդառնալի ճակատագրական հետևանքներ ունենալ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում:
Ի վերջո, թեկուզ ապրիլյան պատերազմը վերհանեց մի պարզ ճշմարտություն, որ թշնամական ուժերը գերազանցում են հայկական զինված ուժերին քանակապես, և շփման գծի երկայնքով մեր բանակի ստորաբաժանումները ստիպված էին դիմադրել մի քանի անգամ թվաքանակով իրենց գերազանցող թշնամական ուժերին:

Հետևաբար, հարց է առաջանում․ արդյո՞ք պատգամավոր Սարգսյանը ընկալում է իր նոր նախագծի բոլոր ռիսկերը:

Բացի դրանից՝ սույն հայտարարության տողատակերից պարզ է դառնում, որ այս նախագիծը վերաբերելու է ոչ միայն դրսում ապրող մեր հայրենակիցներին, այլ նաև ՀՀ քաղաքացիներին, այնպես որ, պայմանագրային հիմունքներով բանակին անցնելուց առաջ պետք է նախևառաջ լուծել երկրի համար օրակարգային այն խնդիրները, որոնք հետագայում թույլ կտան առանց ցավալի կորուստների կյանքի կոչել այս նախագիծը, հակառակ դեպքում սա շատ լուրջ խնդիր է դառնալու Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից:

Եվս մեկ հարց. արդյո՞ք պատգամավոր Սարգսյանը պատրաստվում է իր նախագծի շրջանակներում խորհրդակցել բանակի ղեկավարության և բարձրաստիճան սպաների հետ:

Մի խոսքով՝ հարցերը շատ են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել