Բուհերում հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադիր դասավանդման հետ կապված խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նախ՝ համաձայն եմ այն կարծիքին, որ 12 տարի դպրոցում սովորելուց, կրկնուսույցի մոտ պարապելուց հետո բուհ ընդունված ուսանողին նորից լեզու ու պատմություն դասավանդելը որևէ կերպ տրամաբանական չէ: Պարզ է, չէ՞, որ 12 տարի չսովորածին էդ մի կիսամյակում բուհը որևէ բան չի սովորեցնելու, իսկ սովորածի համար էլ անիմաստ ժամանակի վատնում է: Փոխարենը, միանշանակ համաձայն եմ՝ այդ դասաժամերը պիտի հատկացվեն մասնագիտական առարկաների ուսուցմանը: Ի վերջո, բուհը չպիտի իր վրա վերցնի դպրոցի գործառույթները, բուհը պիտի մասնագետ պատրաստի: ԲԱՅՑ...

ԲԱՅՑ Նման փոփոխություն անելու ու բուհերից պարտադիր ուսուցումը հանելուց առաջ պիտի սկսենք դպրոցներից: Հենց այս երկու առարկաների՝ հայոց լեզու և հայ ժող. պատմություն առարկաների դասավանդումը պիտի պետության անմիջական ուշադրության ներքո լինի: Պիտի դպրոցում հասնենք էն մակարդակին, որ պարզապես անիմաստ լինի առաջին կուսում նորից կրկնելը:

Եվ բացի այդ՝ կա նաև երկրորդ հանգամանքը, որ նույնիսկ իմ պես մտածող մարդուն ստիպում է ընդդիմանալ նախարարության այս որոշմանը: Պարզ է, չէ՞, որ բուհերում միայն հայոց լեզու ու պատմություն առարկաները չեն, որ կարելի է ու պետք է փոխարինել մասնագիտական առարկաներով: Իսկ ինչո՞ւ ենք սկսում հենց այս երկուսից, ինչո՞ւ, և ինչո՞ւ հատկապես դպրոցներից հայ եկեղեցու պատմությունը հանելու նախաձեռնությանը զուգահեռ (կամ դրանից հետո, չեմ հիշում): Տարօրինակ չէ՞:

Հ.Գ. Իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները լո՞ւրջ հավատում են, որ խնդիրը Արայիկ Հարությունյանն է, ու որ այս նախաձեռնությունն իր միանձնյա որոշման արդյունքն է: Լո՞ւրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել