Yerkir.am-ը գրում է.

«Երբ քրեական գործը քննող քննիչներից մեկը (քննչական խումբը 3 հոգուց է կազմված) զանգահարեց ինձ և ասաց, որ հոկտեմբերի 22-ին հրավիրվում եմ հարցաքննության, ես նրան ասացի, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, սկսվում է մի վիրահատություն, որին 20 տարի սպասել ենք»:

ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Yerkir.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց իրեն ՀՔԾ կանչելու փաստը՝ նաև տալով իր համաձայնությունը, որ ՀՔԾ քննիչի հետ իր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները հրապարակվեն: 

«Հայաստանում առաջին անգամ իրականացվում է երեխայի լյարդի փոխպատվաստում: Արտասահմանից եկել է 7 մասնագետ, 22 հոգուց կազմված խումբ է մասնակցելու փոխպատվաստմանը: Վիրահատության տևողությունը բավական երկար է լինելու: Որպեսզի մեր աշխատանքում խոչընդոտներ չառաջանան, ասացի՝ հարցաքննությունը տեղափոխենք հոկտեմբերի 24-ին, քանի որ վիրահատության հաջորդ օրը արտասահմանցի մասնագետների հետ սիմպոզիում է լինելու՝ կապված այդ վիրահատության հետ: Քննիչը սկզբում ասաց՝ տեսնենք, հետո նորից զանգեց, ասաց՝ լավ, հետո երրորդ անգամ զանգեց ու ասաց, որ՝ հրատապ է, Դուք պարտավոր եք հոկտեմբերի 22-ին գալ», - նշեց նա:

Արա Բաբլոյանի խոսքով՝ 10 տարեկան երեխայի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը սկսվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, և տևել մոտ 14 ժամ: Հաշվի առնելով, որ ինքը վիրահատության հիմնական համակարգողն է, բացի այդ՝ վիրահատությունից հետո չի կարող հիվանդներին առանց ուշադրության թողնել և երեք-չորս ժամ մասնակցել հարցաքննության, և վիրահատության տևողությունն էլ այնքան երկար էր, որ ստացվում էր` այդ օրը չէր հասցնելու հարցաքննության գնալ, ստիպված է եղել, վիրահատությունը դեռ չավարտած, դուրս գալ վիրահատարանից և գնալ ՀՔԾ:

«Որպեսզի չհնչի, որ Բաբլոյանը խուսափեց հարցաքննությունից և չներկայացավ, ես համաձայնացրել եմ գործընկերներիս հետ ու գնացել ժամը 4-ին: Չգնալու դեպքում կարող է և ինձ բերման ենթարկեին: Հարցաքննությունը տևեց մոտ 3 ժամ», - փաստեց նա:
ԱԺ նախկին նախագահը նշեց նաև, որ քննիչը, որի հետ շփվել է, թեև հրատապ է կանչել հարցաքննության և հաշվի չի առնվել իր խնդրանքը, այնուամենայնիվ, զրուցելիս բավական հարգալից վերաբերմունք է ցուցաբերել:

«Երկու վիրահատվող անձանց կյանքի անվտանգության հարց էր: Եթե մենք մարդուն չվիրահատենք, նա կարող էր մահանալ, բայց եթե իրենք հենց այդ օրը չհարցաքննեին, ո՞վ էր մահանալու», - ասաց Բաբլոյանը:

Ավելի վաղ Aravot.am-ին ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանել էր.

«Արա Բաբլոյանին օրենքով սահմանված կարգով հրավիրել են հարցաքննության երեկ առավոտյան: Սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Ապա` հարցաքննության ընթացքն իր իսկ խնդրանքով ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել