Armdaily.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մերժելը ինձ համար սպասելի չէր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ անսպասելի էր, որ Սահմանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունի ԱԺ-ի դիմումը։

«Եթե ասեիք, որ հավանական համարում եք, որ կբավարարվի Ձեր դիմումը, ապա ինձ դժվար կլիներ այդ հարցին պատասխանել, բայց որ անգամ չի քննարկվի ու վարույթ չի ընդունվի՝սպասելի չէր։ Վատն այն է, որ ամենամեծ բացասական հետևանքը այս գործընթացի հենց պարոն Թովմասյանն է կրում։ Ըստ էության՝ հարց էր բարձրացվել, որ ինքը մասնակցել էր մի վարույթի, իր մասնակցությամբ որոշում է կայացվել, որով իր անաչառությունը կասկածի տակ է եղել։ Ընդ որում՝ նման դիրքորոշում արտահայտել է ԱԺ-ի ոչ միայն իշխանական ֆրակցիան, այլև մեր ընդդիմադիր գործընկերները»,-ասաց պատգամավորն՝ ընդգծելով, որ բովանդակային առումով որևէ մեկը չի քննադատել իրենց առաջարկած նախագիծը։

«Այսինքն, պարոն Թովմասյանի անաչառության հարցը ոչ մի կերպ բովանդակային պատասխան չի կարող ստանալ, որովհետև բաց դատավարություն, որի շրջանակներում պարոն Թովմասյանը հնարավորություն կունենար իր դիրքորոշումը արտահայտել և կասկածները փարատել, այլևս չի լինելու»,-ասաց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ դիմումի բոլոր հակափաստարկները եղել են ընթացակարգային՝ այսինքն ժամկետների մասով, ոչ մեկ իրավական անալիզի տեսանկյունից՝ հղումներով դատարանի որոշումներին և օրեսդրական ակտերին, չի բացատրել, թե ինչու բովանդակային մասով իրենց դիրքորոշումը հիմնավոր չէ։

Անդրադառնալով հետագա գործողություններն՝ պատգամավորն ասաց, որ երբ իրեն հարցնում էին, թե ինչ են անելու, եթե մերժվի նախագիծը, իրենք ասում էին, որ կմերժվի՝ կտեսնեն, կծանոթանան, իրենց գնահատականն ու դիրքորոշումը կարտահայտեն։

«Այս պահին՝ մինչև որոշման հետ ծանոթանալը որևէ մեկնաբանություն կամ կանխատեսում չեմ անի։ Ինչ վերաբերում է առկա իրավիճակի հետ հաշտվելուն, ապա հաշտվել, որ երկրում կարող է լինել սահմանադրական ճգնաժամ, բայց ասենք՝ ժողովուրդ ջան, ոչինչ մի կերպ կապրենք՝ նման տարբերակ չկա, որովհետև ՍԴ-ի առաքելությունը, ՍԴ-ի վերջին խոսքի իրավունքը շատ հարցերում շատ կարևոր է ոչ միայն գործող իրավիճակի, այլև ՀՀ հետագա ճակատագրի համար»,-ասաց Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ինչ էլ ձեռնարկելու լինեն, հավատարիմ են մնալու բացառապես իրավական ընթացակարգերով շարժվելուն։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել