Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ ATOM-ը (Advanced Tomorrow), որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: Հանրապետության նախագահը նշել է, որ այս ծրագրի շրջանակում ուրախ կլինի ամերիկյան խոշոր ընկերություններին ևս տեսնել մեր երկրում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական կառավարման համակարգի և մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում զարգացման հեռանկարներին ու առկա մարտահրավերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել