«Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.1-3):

Մատաղը Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողություններից մեկն է և ունի իր կարևոր դերը քրիստոնյա ժողովրդի կյանքում: Բարեպաշտական այս սովորույթը սկիզբ է առել դեռևս 4-րդ դարում, իսկ հետագայում դարձել ազգային-եկեղեցական կյանքի անբաժանելի մասը:

Մատաղի և դրա խորհրդի վերաբերյալ հիշատակություններ են հանդիպում նաև Աստվածաշնչում: Օրինակ` «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկ. ԺԴ 12-14), «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ Աստված կհատուցի նրան» (Առակ. ԺԹ 17):

Մատաղի և դրա նշանակության մասին խոսվել է նաև Հայ եկեղեցու նշանավոր Հայրերի և դարի պատմիչների կողմից: Օրինակ` VII–VIII դարերի պատմիչ Հովհան Մամիկոնյանի մատյանում պահպանվել է մի կարևոր հիշատակություն՝ նվիրված մատաղին. «Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան Ս. Գրիգորի մոտ` Ս. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, Պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմություն տալիս»:

Հետաքրքրական է նաև ոսկեդարի պատմիչ Ղազար Փարպեցու տեղեկությունը՝ նվիրված այս ավանդույթին, որտեղ նա ներկայացնում է հայոց մարզպան Վահան Մամիկոնյանի արարքը. «Մտնելով Դվին ոստանը և արժանավորապես շնորհակալության պատարագ մատուցելով Աստծուն՝ հետո, նախ, ըստ սովորության, կատարելով աղքատներին մատուցելիք նվերները, իրենք էլ ուրախացան Աստծուն հաճելի խնդալից սրտով»:

Իսկ, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու ստուգաբանության, «մատաղ» նշանակում է՝ «մատուցի՛ր աղ»:

Մատաղի իմաստն ու ասելիքը բարեգթությունն ու ողորմածությունն են՝ հանդեպ կարիքավորը և Աստծուն մեր երկրպագությունը մատուցելն ու նրա Սուրբ Հոգով լցվելը, այդ պատճառով նախ հարկավոր է ներքուստ գիտակցել դրա խորհուրդը և դրական փոփոխություններ կատարել մեր մեջ, քանզի առանց դրա ամեն ինչ անիմաստ է:

Արմեն Չաքմիշյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել