168.am կայքը հրապարակել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադիի հարցազրույցը, որտեղ իրանական գազ գնելու վերաբերյալ դեսպանի խոսքը ոչ հստակ թարգմանության պատճառով այլ կերպ է ներկայացվել և կրկին կարող է անտեղի շահարկումների առիթ հանդիսանալ ու բացասաբար ազդել հետագա բանակցությունների վրա:

Իհարկե, շատ դժվար է բառացի թարգմանել, առավել ևս, որ շրջապատում աղմուկ է, բանախոսը արագ է խոսում, թարգմանիչը հոգնած է և այլն, սակայն կասկած առաջանալու դեպքում ավելի լավ է հարցը կամ պատասխանը ճշգրտել, որ ոչ հստակ թարգմանության պատճառով նման զգայուն հարցի շուրջ թյուրընկալում չառաջանա:

Այսպես՝ լրագրողը հարցնում է. «Իրանում Հայաստանի դեսպանը վերջերս նշել է, որ Իրանը գազի համար ավելի ընդունելի, ցածր գին չի առաջարկում, քան Ռուսաստանը...»։

Թարգմանիչը «ցածր գին չի առաջարկում»-ի փոխարեն թարգմանում է՝ «Իրանում Հայաստանի դեսպանը վերջերս նշել է, որ Իրանը գազի համար ավելի ընդունելի, ցածր գին չի առաջարկելու» ձևով:

Այս ձևակերպումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բանակցություններն ավարտվել են, և հայկական կողմն այլևս որևէ արդյունքի չի սպասում:

Դեսպանը պատասխանում է. «... Գազի հարցում պետք է երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ տեղի ունենան, որպեզի այդ հարցում կողմերի համար համագործակցության դաշտ ձևավորվի»:

Դեսպանի պատասխանը, սակայն, հետևյալ կերպ է ներկայացվել․ «... Ես կարծում եմ, որ այդ հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի, որպեսզի հետագայում նույնպես լուծում տրվի»:

Լրագրողի ճշտող հարցին, թե գազի շուրջ բանակցություններն այնուամենայնիվ շարունակվելո՞ւ են,
դեսպանը պատասխանում է. «Իհարկե, իրանական կողմը փորձել է հարցի առնչությամբ ներկայացնել համագործակցության առնչությամբ իր դիրքորոշումը: Հուսով ենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմն ուշադրություն կդարձնի քննարկվող (ներկայացվող) հարցերին, որպեսզի հնարավոր լինի հասնել համաձայնեցված արդյունքի»:

Այնինչ դեսպանի խոսքը հետևյալ կերպ է ներկայացվել. «Իրանական կողմն այս հարցը քննարկել է և իր պատրաստակամությունն է հայտնել այդ ուղղությամբ աջակցելու: Կարծում եմ, որ հայկական կողմն էլ պետք է բանակցություններում ավելի ուշադրություն դարձնի դրան և հետագայում հնարավորություն ստեղծի երկու երկրների միջև համաձայնության գալու համար»:

Այս ձևակերպումից էլ տպավորություն է ստեղծվում, թե խնդիրը կապված է հայկական կողմի հետ, և ՀՀ դիրքորոշումից է կախված, թե հարցն ինչպիսի լուծում կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել