Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գիտակից անհատ հպարտությամբ կտոներ իր պետության անկախության օրը, կդարձներ այն ընտանեկան տոն, որդու ձեռքից բռնած կայցելեր իր հերոսի շիրմին:

Մեզանից շատ-շատերն այդպես չեն անում՝ բոլոր ցավերի, դժվարությունների մեղքը բարդելով անկախության վրա:
Արդյո՞ք անկախությունն այն արժեքն է, որի համար պետք էր այսքան զոհել, մինուս մեկից մինչև անվերջություն դնել «անկախության» արժեքի զոհասեղանի վրա:

Արժե՛ր, անտարակույս արժեր, պարզապես անկախության գաղափարը չամրապնդվեց, չդարձավ անշրջելի, չընկալվեց որպես ժողովրդի, պետության բնականոն զարգացման կարևորագույն ու անփոխարինելի արժեք:
Երբեմն մտածում եմ, որ այս ամենի պատճառներից մեկը մեր ներքին ազատության սահմանափակվածությունն է, իսկ ավելի ծայրահեղ՝ դրա իսպառ բացակայությունը:

Դարերով կարդացել ենք մեր պատմությունը, որ մազապուրծ ենք եղել, մեզ ջարդել ու կոտորել են անխնա, և անկախությանը սովոր չենք, խորթ ենք նրա հոգեբանությանը, պետության ինքնիշխանության գաղափարին խորթ ենք դեռևս:

Վստահ լինենք, որ հաջորդ սերունդները իսկապես կհպարտանան պետականության ու անկախության գոյության համար: Գոնե դրա համար արժե այսօրվա զոհողությունը:

Դժբախտաբար, անկախության վերականգնումից ի վեր այդպես էլ չուրվագծվեց Հայաստանի` որպես անկախ պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը: Որևէ մեկն այսօր չի կարող ասել, թե 20, 30, 40 տարի հետո կառավարման ներկա փիլիսոփայության պայմաններում և զարգացման տեմպերով ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու:

Մեզ չի հաջողվել դեռևս գտնել և հասարակական կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվեն պետության առջև դրված առանցքային խնդիրները, մասնավորապես` չկա այն ներքին համերաշխությունը, թե․

1. Հայաստանը, վերջիվերջո, անվտանգության ինչպիսի՞ համակարգին պետք է մաս կազմի,
2. Հարևան պետությունների հետ հարաբերություններն ի՞նչ հանգուցալուծման հեռանկարով պիտի եզրափակվեն,
3. Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսման պարագայում դրանց դիմագրավելու անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը ինչո՞վ պետք է լրացվի,
4. Դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար ինչպիսի՞ ռեսուրսներ են անհրաժեշտ և ի՞նչ միջոցներով…

Սրան զուգահեռ՝ մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացներ, և ցավալիորեն, կան պետություններ, որոնք մեր փոքրիկ հայրենիքը պատկերացնում են լոկ մանրադրամ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու և առաջ քաշելու գործում:

Այս իրադրության պայմաններում մենք իսկապես սխալվելու իրավունք չունենք: Ճիշտ հակառակը, մեր սերունդը պետք է համարձակորեն պատասխանատվություն վերցնի իր վրա և ստանձնի ազատության համար պայքարող հասարակության առաջնորդի դերը:

Իմ պատկերացմամբ՝ այդ ճանապարհին անկախության սերունդը պետք է հանդես գա հարվածն առաջինն ընդունողի, ճանապարհ հարթողի և հնարավոր հաջողությունը վավերացնողի դերում:

Գուցե ճակատագիրը մեր նկատմամբ քմահաճ է, բայց ի՞նչ արած, հարկադրված ենք ևս մեկ անգամ անցնելու Ռուբիկոնը` դառնալով ապագայի պատասխանատվության խորհրդանիշ…

Տոնդ շնորհավոր, Հայաստա՛ն, և խոնարհումս հայրենիքի և անկախության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհած քաջորդիների լուսավոր հիշատակի առաջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել