Երկար և սադրիչ срач-ստատուս

Մեր այսօրվա իրականության պարադոքսը և հիմնական պրոբլեմն այն է, որ իշխանության է եկել երիտասարդ, կրթված, բավական «առաջադեմ» և արևմտամետ սերունդ: Նրանցից շատերը, այո՛, սովորել են արտերկրում, հատուկ պատրաստություն են անցել տարբեր տեսակի «հասարակական կազմակերպություններում», սնվել և սովորել են գրանտներով, ներարկվել են համապատասխան արժեքներով և այլն:

Այստեղից էլ գալիս են նրանց հիմնական պրոբլեմները և նրանց խոսքերի և գործերի հանդեպ հասարակության կողմից մեծացող դժգոհությունը: Երբ Զարուհի Բաթոյանը Հ1-ով կոչ է անում միայնակ տղամարդկանց երեխա ունենալ և պահել, Սյունիքի Քարահունջ գյուղում (պայմանական) լաց է լինում մի փոքրիկ Գարեգին Նժդեհ: Երբ Զարուհի Մեջլումյանը կոչ է անում երեխաներին Արցախ չուղարկել ծառայելու, նույնիսկ իմ մեջ է արթնանում Գարեգին Նժդեհը:

Սիրելիներս, երկրի 90%-ը մերձավոր արևելք ա, ինչը շատ բնական ա, քանի որ այդպես էլ կա և այդպես պիտի լիներ: Ինձ որ ասում են՝ հայերը եվրոպացի են, ես շատ բարձր սկսում եմ ծիծաղել: Էդ ո՞ր մոմենտին մենք դարձանք եվրոպացի, ես չեմ հասկանում: Ե՞րբ ենք մենք կազմել Եվրոպայի մաս կամ եղել Եվրոպական քաղաքակրթության կրող: Իմ խորին համոզմամբ՝ նույնիսկ քրիստոնեության ընդունումն էր ինչ-որ «сбой» տվել: Բայց դե ինչ եղել, եղել ա, օգտվում ենք, գոհ ենք:

Պետք է հստակ գիտակցել մի բան․ մենք խորը արևելյան, ասիական ժողովուրդ ենք՝ չհաշված էն մի քանի միլիոն սփյուռքը, որը բնակվում է Եվրոպայում և ԱՄՆ-Կանադաներում և առանձնապես ազդեցություն չունի մեզ վրա, բացի մի քանի ակտիվ «ակծիվիստներից»՝ մնացած ազգը խորը ազիատ են՝ բոլոր չափանիշներով, ադաթներով, «պանյատներով»: Դա ո՛չ վատ է, ո՛չ լավ: Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Շատ անգամ հենց մեր այս ասիական լինելն է մեզ փրկել: Մեր միջի թեթև վայրենին է մեզ փրկել ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ պատերազմների ընթացքում: Եվ սա չի կարող արագ և արհեստական փոխվել, իսկ բոլոր «ուժային» մեթոդները՝ սա փոխելու, բերելու են ուժեղ հակազդեցության: Ամեն նոր «ստամբուլյան կոնվենցիա» բերելու է ավելի շատ ընտանեկան բռնության: Ամեն նոր ԼԳԲՏ օրենք բերելու է ավելի շատ բռնության ԼԳԲՏ անձանց հանդեպ:

Այսպիսի բաները ընդունելու համար պահանջվում են ավելի լայն աշխարհայացք, կրթություն, գիտելիք, հանդուրժողականություն և այլն: Մեր ազգի գերակշիռ մասը դրանք չունի, տեսած չի, և չի կարելի նրան դրանում մեղադրել: Սերունդներ են փոխվելու, մինչև սա դառնա նորմալ:

Ուզո՞ւմ եք՝ եվրոպական արժեքներ լինեն այս հասարակությունում, պետք է մարդիկ սկսեն Եվրոպա գնալ, լեզուներ սովորել, շփվել, կրթվել: Չես կարա ուղղակի բերես ու ստիպես մարդկանց այս ամենի հետ հաշվի նստել, չի ստացվի: Իսկ միգուցե պետք էլ չէ, ժամանակը ցույց կտա, թե որն է ավելի ճիշտ:

Հենա Սաակաշվիլին 10 տարի փորձեց մեր հարևան մի երկրում, որը մեզանից միշտ ավելի առաջադեմ է եղել, միշտ ավելի զարգացած և արևմտամետ: Ստացվե՞ց: Ո՛չ: «Եվրոպական արժեքներ» ընդունելուց 15 տարի անց Թբիլիսիի կենտրոնում դեռ գոմիկ են ծեծում, իսկ վարորդները մերոնցից բեթար են վարում:

Հիմա կարող ա տպավորություն ստեղծվի, որ ես այս ամենը պաշտպանում եմ, բայց դա այդպես չէ: Ես էլ կուզեի, որ մենք շատ ավելի հանդուրժող լինենք, շատ ավելի քաղաքակիրթ: Ինքս դաստիարակվել եմ և իմ երեխաներին դաստիարակում եմ համամարդկային արժեքների հարգանքի մթնոլորտում, հաճախ ենք նրանց տանում եվրոպական երկրներ, որ աչքերը բաց լինեն, իմանան և սովորեն, հանդուրժող լինեն և առաջադեմ, բայց մենք դա կարող ենք մեզ թույլ տալ, իսկ երկրի գերակշիռ մասը Քոբուլեթիից հեռու չի եղել երբեք:

Որպես իմ խոսքերի ապացույց՝ մի քանի սքրին եմ տեղադրում, ում հետաքրքիր է, կարող եք մտնել, այս նյութի տակի քոմենթները կարդալ: Անունները ջնջել եմ, բայց ասեմ, որ կանայք և տղամարդիկ հավասար անհանդուրժող են այս հարցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել