Azatutyun.am-ը գրում է.

Արցախ այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջական քննարկում ունենալ համահայկական հարցերի շուրջ և առաջին ձեռքից ծանոթանալ Արցախի առաջնահերթություններին։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Արցախի անվտանգության համակարգը և այն ամրապնդելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերին:

Արցախի նախագահը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այդ թվում՝ միջազգային գործընթացներում Արցախի ժողովրդի լիարժեք ներգրավման շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել