Միայնության մեղքը: Ինչ-որ մեկը նրան անունով է դիմում, մյուսը իրեն հաճելի և հարազատ անունով է դիմում, բայց մենք կսահմանափակվենք բոլորին հարմար Աստված բառով: Եվ այսպես, արարիչը արեց ամեն ինչ, որպիսզի հասնի կատարելության ամեն ինչում: Կատարյալ էին դրախտային այգին, հրեշտակները, սերը, գեղեցկությունը... Կար նույնիսկ հրեշտակ, որը գեղեցկությունն էր մարմնավորում և կենտրոնացնում էր իր վրա ողջ սերը: Սամաէլը։ Թե՛ իր յուրօրինակ բնավորությունը, թե՛ կատարյալ գեղեցիկ լուսավոր արտաքինը նրան ամենաուշագրավն էին դարձնում հրեշտակների մեջ: Իսկ Ատված շատ միայնակ էր զգում իրեն և ուզում էր մի բան ուղղել ստեղծածի մեջ, բայց ինչ և ոնց` չգիտեր: Նույնիսկ իր սիրելի ՍամաԷլը անընդհատ ինչ-որ տեղ էր կորում: Սամաէլը այդ պահին թռչում էր այնքան արագ, որքան իրեն թույլ էին տալիս իր թևերը: Նա իմացել էր, որ դրախտի այգու ինչ-որ անկյունում կա մի բան, որն ատելի էր Աստծու կողմից: Բայց ի՞նչ: Եվ ահա հեռվում ինչ-որ բան փայլեց և որքան նա մոտենում էր, այնքան լույսը ցավեցնում, այրում էր նրա աչքերը, բայց հետաքրքրությունը այրում էր նրա ամբողջ մարմինը: Նա վերջապես մոտեցավ և հասկացավ, որ այդ այրող լույսը նրա արտացոլանքն էր մեծ հայելու մեջ: Նա սկսեց դանդաղ և ուշադիր ուսումնասիրել ինքն իրեն: Նրա աչքերը սկսեցին արցունքով լցվել: Նա տեսնում էր, թե որքան ահավոր է իր այդքան գովաբանված արտաքինը, միաժամանակ հասկանալով, որ Աստծուն պետք էր ստեղծել ամենաահավոր հրեշտակին և կենտրոնացնել սերը նրա վրա, քանզի սիրել գեղեցիկը շատ հեշտ է, իսկ նա ինչպես ամեն ինչում, սիրո մեջ նույնպես ձգտում էր կատարյալին: Նրա ամեն մի ընկնող արցունքը հայելու վրա նրան բացում էր ապագայի մի նոր էջ: Թե ինչպես նա կհակադրվի Աստծուն, ինչպես հրեշտակները կպատերազմեն միմյանց հետ և կցնցեն երկինքն ու երկիրը: Ամեն արցունքի բերած ցավը միաժամանակ վերածվեց հուժկու ծիծաղի: Ծիծաղի, որը սկսեց լսվել այգու բոլոր անկյուններում և ցնցել դրախտը: Հուժկու ծիծաղի ձայնը հասավ նաև Աստծուն, որը լսելով այն հասկացավ, որ ինքը այլևս իրեն երբեք միայնակ չի զգալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել