Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը պարզաբանեց համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը` հայտնելով, որ ինքը չի ընդունում նախարար Աշոտյանի` իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանը և վիճարկելու է այն դատարանում. «Ինձ իսկապես զարմացնում է այս ոճը,-ասաց նա,-ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում նույնպես որոշումը կայացել է օրենքի խախտումներով»: 

Զոլյանը հիշեցրեց, որ ինքը` որպես ռեկտոր, ընտրվել է համալսարանի խորհրդի կողմից անցկացված ընտրության արդյունքում, ինչը հետո հաստատվել է կառավարության կողմից, և այդ որոշման հիման վրա կառավարությունը հանձնարարել է այն ժամանակվա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` իր հետ կնքել պայմանագիր. «Լավն եմ, թե վատն եմ, համենայնդեպս, այդ կարգը պետք է պահպանվեր` ոչ թե նախարարը պիտի որոշեր, այլ խորհուրդը և նախարարությունը»,-ընդգծեց նա:

Զոլյանը, չընդունելով իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը, միևնույն ժամանակ լավ իմանալով ՊՈԱԿ-ի կանոնադրության այն կետն, ըստ որի` ՊՈԱԿ ղեկավարը պարտավոր է չկատարել հակաօրինական որոշումները և չենթարկվել պատասխանատվության, այնուամենայնիվ զգուշավորություն է ցուցաբերելու. «Բնական է, որ եթե հիմա ես որևէ փաստաթուղթ ստորագրեմ, կարող է իմ վրա միանգամից սպեցնազ ուղարկեն կամ իմ գրպանը նարկոտիկ գցեն»,-ասաց նա:

ԵՊԼՀ ռեկտորը լրագրողներին հայտնեց, որ Եվրախորհրդում նույնպես այդ հարցը քննարկվելու է. «Եվ դա ոչ թե իմ հարցն է լինելու, այլ Եվրախորհրդի պատվի հարցը. ինչպե՞ս կարելի է Եվրախորհրդի փորձագետին իր աշխատանքը պատշաճ կատարելու համար նկատողություն անել,-ասաց Զոլյանը:

Նա նաև նշեց, որ ինքը խուսափում էր այս հարցի միջազգայնացումից, սակայն տեղեկատվությունը նրանց էլ է հասել. «Նորից Հայաստանն անհարմար վիճակի մեջ է ընկնելու: Բնական է` մարդիկ պիտի ասեն. «Եթե սա է այս պետության կրթության և գիտության նախարարը,ապա ի՞նչ կարելի է խոսել այս պետության մասին»,-ասաց նա:

Ըստ Զոլյանի, չտեսնված բան է, որ երկիրը նման սահմանափակում դնի իր փորձագետի առջև:

Մամուլում շրջանառվող այն լուրերը, թե այս ողջ պատմության ընթացքում Զոլյանի թիկունքին կանգնած է ԲՈՒՀ-ի խորհրդի նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Ըստ Զոլյանի, իրականությանը չի համապատասխանում. «Հազար ներողություն, ես իմ կենսագրությունն ունեմ, և երբ որ ասում եք` իմ մեջքին կանգնած է Վիկտոր Սողոմոնյանը, դա թե´ իր, թե՞ ինձ համար ծիծաղելի է,-ասաց Զոլյանը, ապա կատակով ավելացրեց,-եթե ասեիք` Օբաման, դա ինչ որ կերպ կարելի էր հասկանալ…»:

Մամուլում շրջանառվող լուրերց մեկն էլ այն է, որ այս պատմության հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, և ազատելով Զոլյանին աշխատանքից` նպատակ ունի լեզվաբանական համալսարանը միավորել մանկավարժականի հետ:

Զոլյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեսակետը, սակայն փաստեց, որ այդ լուրերն արդեն մի քանի տարի է` պտտվում են և նախկինում ԲՈւՀ-ի առջև արհեստական սահմանափակումներ դրվել են:

Զոլյանին նաև զարմացնում է այն շտապողականությունը, որը դրսևորում է Աշոտյանն իր որոշումներով. «Ես նրան առաջարկեցի այս ամենը կասեցնել, մինչև ընտրություններն ավարտվեն, որպեսզի վնաս չհասցվի այն կուսակցությանը, որ ներկայացնում է պարոն Աշոտյանը,-ասաց նա,-եթե պիտի ինձ նկատողություն աներ, թող մեկ ամսվա ընթացքում աներ: Ես կարծում եմ` այստեղ ևս ինչ որ միտում կա կամ պարոն Աշոտյանն այնքան էլ վստահ չէ, որ ընտրություններից հետո կմնա այդ պաշտոնում»:

ԵՊԼՀ-ի նախկին ռեկտորն այս պատմությունը չի ուզում անձնավորել կամ քաղաքականացնել, միաժամանակ չի էլ կարող չարձանագրել, որ նման նպատակաուղղվածությունը ցույց է տալիս, որ իսկապես ինչ որ միտումներ կան: «Մենք վարչապետին ուղղված նամակ ենք պատրաստել, որը շուտով կուղարկենք նրան, որպեսզի նա` որպես վերադաս, կասեցնի նախարարի` ինձ պաշտոնից ազատելու ակտը, դրանից հետո կդիմենք դատարան և կսպասենք դատարանի որոշումներին»,-ամփոփեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել