Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

Ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները:

Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Մենք ուշադրությամբ հետևում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին և այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը:

Միաժամանակ ես լիահույս եմ, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը:

Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին:

Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր:

Վերջին շրջանում ես հանդիպել և շարունակելու եմ հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, ովքեր շահագրգռված են ու գործում են հանուն մեր երկրի և ժողովրդի բարօրության:

Աստված պահապան մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել