Մոտ մեկ տարի առաջ գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցություններում Հայաստանի իշխանությունները չեն ներկայացնելու Արցախը. Արցախն ինքը պիտի բանակցի իր ճակատագրի շուրջ: Ինչպես և սպասելի էր, դրանից հետո Ադրբեջանը նորից ակտիվացրեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շուրջ խոսակցությունները, ավելին՝ համայնքի ղեկավար դարձրեց կադրային դիվանագետ Թուրալ Գյանջալիևին:

Ինչ խոսք, Փաշինյանի մոտեցումը ճիշտ է և միանշանակ, որ առանց Արցախի մասնակցության չի կարող որոշվել արցախահայության ճակատագիրը, սակայն դեռ այն ժամանակ անընդհատ զգուշացնում էինք, որ այս հարցում պիտի շատ հետևողական լինենք, թույլ չտանք հակառակորդին դիվիդենտներ քաղել: Հիմա արդեն տեսնում ենք այդ չարված աշխատանքի ու բացթողումների հետևանքները...

Այսօր տարածած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպել են նաև Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ՂԵԿԱՎԱՐԻ հետ: Այո, այս համայնքի հետ հանդիպումներ եղել են նաև նախկինում, բայց եթե, օրինակ, 2018-ի նոյեմբերին (ուշադրություն, նորից Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո) համանախագահներն այդ հանդիպման մասին նշել էին «հակամարտությունից տուժած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում» ձևակերպմամբ, ապա այսօր ավելի հեռուն են գնում. համանախագահների կողմից այս արհեստական միավորը լեգիտիմացվում է՝ ի դեմս ղեկավարի և այդ ղեկավարի հետ միջնորդների հանդիպման:

Փաստորեն, ինչ ունենք այսօր: Չնայած հայտարարված նպատակին՝ չենք կարողացել Արցախին լիարժեք վերադարձնել բանակցային գործընթաց, բայց տվել ենք Ադրբեջանին հնարավորություն՝ նորից օրակարգ բերելու «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»՝ փորձելով այն դնել նույն հարթության մեջ Արցախի Հանրապետության, Արցախի իշխանությունների հետ:

Ի դեպ, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին մեր ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑ-ը կարող եք դիտել հետևյալ հղմամբ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել