Վերջին շրջանում քաղաքական նկրտումներ ունեցող որոշ դերակատարների կողմից «գլոբալ հայ», «գլոբալ հայկական պետություն» արհեստական սահմանումների վրա խարսխված նեոլիբերալ խոսույթի ձևավորումը չափազանց վաղաժամ է, իսկ ներկայիս քաղաքական տուրբուլենտության պայմաններում՝ վտանգավոր: Նման սահմանումները հակասում են պետական շահին ու կոչված են նվազեցնելու ազգային ինքնության ռազմավարական ռեսուրսը պետության զարգացման գործում: Այսպիսով՝ փորձ է արվում տարանջատելու պետությունը անձից՝ վերջինիս հռչակելով առանցքային արժեք, իսկ նրա շահի սպասարկումը՝ գերնպատակ: Արդյո՞ք սա կարող է դեղատոմս լինել Հայաստանի համար: Թերևս ոչ:

Փորձում են այս խոսույթը հիմնավորել Իսրայելի օրինակով, սակայն ակնհայտ է, որ հրեաների ինքնության ձևավորման ու կայացման հիմքում ի սկզբանե դրված էր պետականության ստեղծման կոնցեպտը: Հիշենք աջ սիոնիզմի առաջնորդ Վլադիմիր Ժիբոտինսկու խոսքերը, որ առանց պետականության չէր լինի նաև հրեական ինքնությունը: Այս մոտեցման վրա է կառուցված նաև Իսրայելի կողմից իրականացվող հետևողական ռեպատրիացիոն քաղաքականությունը, մինչդեռ «գլոբալ հայություն» պարտվողական հայեցակարգը միայն կբերի Սփյուռքի ու Հայաստանի միջև առանց այդ էլ համեստ երկխոսության սահմանափակմանը, ուստի Իսրայելի հետ անցկացվող զուգահեռներն անընդունելի են, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք լիովին այլ՝ պահպանողական մոդելի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել