Բոլորս ենք մտածում, որ ծնողապաշտ հայ և ծերանոց հասկացություններն անհամատեղելի են: Ցավոք, այդպես չէ: Ցավոք, կան դեպքեր (վերջին դեպքի մասին օրերս տեղեկացա), որ մարդը ծնողին, երբեմն էլ ծնողներին տարբեր անհեթեթ հիմնավորումներով ուղարկում է ծերանոց, ինքը անհոգ ապրում, խնջույքներում էլ առաջին բաժակը բարձրացնում է ծնողների համար, հաճախ պարծենում ծագմամբ, դաստիարակությամբ, կրթությամբ` անտեղյակ, որ ծնողը կարոտից, սպասումից օր օրի մաշվում է ու դանդաղ մահանում` բնավ անտեսելով, որ սերը ծնողի համար բոլոր առաքինությունների հիմքն է: Ծնողից հրաժարվելու պատճառը հիմնականում սոցիալական է, թեև որևէ պատճառ կտրականապես չի ընդունվում: Հայաստանի պետական չորս և այդքան էլ մասնավոր ծերանոցներում, անցյալ տարվա տվյալով, ապրում և զավակների սպասումով օր է մթնեցնում 1200 տարեց: Պետականում մեկ հոգու համար ծախսվում է օրը 2500 դրամ: Համոզված եմ, որ բոլորն առանց բացառության կգերադասեին թեկուզ կիսաքաղց ապրել տանը, քան կուշտ, բայց ծերանոցում: Ստամոքսի խնդիրը նրանց չի հուզում, նրանք ցանկանում են կյանքի մայրամուտն անցկացնել զավակների և թոռների հետ, քիչ թե շատ լինել ուշադրության կենտրոնում, քանի որ արժանի են վայելել երջանիկ ծերություն: Ծնողին ծերանոց ուղարկած երեսպաշտը երբևէ մտածե՞լ է, որ վաղը իր զավակն էլ իրեն կուղարկի ծերանոց, որպես ավելորդություն: Այո, կյանքը բումերանգ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել