ԵՊՀ ռեկտորի պաշտոնն ընտրովի պաշտոն է։ Ըստ օրենքի՝ բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար), ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս:

Այդ պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում` բարձրագույն ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով:

Սա նշանակում է, որ ԵՊՀ ռեկտորի մասով քաղաքական դիրքորոշմամբ որոշում չի կարող կայացվել, քանի որ դա կլինի բարձրագույն ուսումնական հաստատության վրա քաղաքական ճնշման գործադրում: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է փոխել բոլոր ռեկտորներին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին, քանի որ այդպես է ուզում իշխանական ուժը, բայց գործնականում դա անօրինական ուղիղ քաղաքական ազդեցություն է կրթական հաստատությունների վրա:

Հուսամ՝ ԵՊՀ ռեկտորին փոխելու օրինական տարբերակներ կգտնի իշխող քաղաքական ուժը, այլ ոչ թե դա կանի՝ հիմնավորելով նրանով, որ դա քաղաքական դիրքորոշում է, քանի որ ռեկտորի հարցը չի կարող որևէ կերպ քաղաքական դիրքորոշմամբ լուծվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել