Իր կարիերան սկսեց որպես լրագրող, այնուհետև դարձավ նաև կուսակցական ու քաղաքական գործիչ։ Իր գործունեությամբ ատելություն և թշնամանք էր սերմանում, պառակտում մտցնում հասարակության մեջ։ 
Նյարդային, դյուրագրգիռ, հիշաչար անձնավորություն էր, մշտապես վատ էր հագնվում, բայց իրեն պատկերացնում էր ինտելեկտուալ: Հայտարարում էր, թե ուզում է ապահովել իր ազգի բարօրությունը։ Այդ գաղափարը քայքայված երկրում ականջ շոյող էր։

Նախաձեռնեց քայլարշավ դեպի մայրաքաղաք, շրջում էր փողոցներով, հավաքներ կազմակերպում հրապարակներում, շրջափակում ռազմավարական օբյեկտները: Երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակն օգտագործելով՝ իր համախոհների հետ տարբեր քաղաքներում կազմակերպված ցույցերի, անհնազանդության գործողությունների և գործադուլների միջոցով դարձավ վարչապետ։ 

Հայտարարում էր, թե վարելու է սիրո և եղբայրության քաղաքականություն, թե իր նպատակը կարճ ժամանակում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են և նոր ընտրությունների անցկացումը, նաև գործող խորհրդարանի լուծարումը, սակայն մի շարք օրենքների ընդունման արդյունքում շուտով իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում և երկրում հաստատեց դիկտատուրա:

Իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց քաղաքական մրցակիցների հետապնդումները։ Ճնշեց մամուլը, գործող պաշտոնյաներին փոխարինեց իր համախոհներով: Ապաշնորհ կառավարման և անհեռատես որոշումների արդյունքում երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Նա ձերբակալվեց։

1945 թվականին Բենիտո Մուսսոլինին իր սիրելի Կլարա Պետաչիի հետ գնդակահարվեց։ Նրանց անճանաչելիորեն այլանդակված դիերը ոտքերից կախեցին Միլանի հրապարակում՝ ի ցույց ամբոխի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել