Այսօր Վայոց Ձորի մարզում՝ Սմբատաբերդի բարձունքում, պատահաբար հանդիպած իրանցի քուրդ ուղեվարն ինձ հետ զրույցում իր մայրենի քրդերենով օգտագործեց «չորթան» (չորացրած թանի մածուկից պատրաստված գնդիկներ, որով թանապուր են եփում) բառը և խիստ տարակուսեց, երբ տեղեկացավ, որ այն հայերեն է։

Բանն այն է, որ չեմիշգեզեք ցեղից սերող նրա նախնիները դեռևս Շահ Աբասի ժամանակներում տեղափոխվել են Խորասան՝ ներկայիս Թուրքմենստանի հետ սահմանային շրջաններ, բայց Արևմտյան Հայաստանի Չմշկածագի (ի դեպ, վերոնշյալ քրդական ցեղանունը ծագում է հենց այս հայկական անվանումից) գավառակում, որտեղից էր սերում նաև Բյուզանդիայի նշանավոր հայազգի կայսր Հովհաննես Չմշկիկը, հասցրել են փոխառել հայերեն բառեր։

Սմբատաբերդը, քուրդ ուղեվարը, Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու բնակվող քրդական չեմիշգեզեք ցեղը, Չմշկածագը, Հովհաննես Չմշկիկը և մեր հզոր ոսկեղենիկը․․․ Դե, արի ու մի զարմացիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել