ԶԼՄ-ների դերը և նշանակությունն է լուսաբանել իրադարձությունները, ներկայացնել բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների դիրքորոշումն ու կարծիքները, դիտարկումները, կատարել հետաքննություններ և բացահայտել գուցե թաքցվող փաստերը, իրողությունները, օգնել մարդկանց բարձրաձայնել իրենց լուծում չստացած խնդիրները, փորձել հասկանալ, թե ինչու մարդիկ ունեն այդ խնդիրները և լուսաբանման միջոցով, այսպես ասած, տեղ հասցնել համապատասխան մարմնին, որ լուծում ստանա:

ԶԼՄ-ն չունի և չի կարող ունենալ առաքելություն օգնել որևէ քաղաքական ուժի 
իշխանությունը պահել: Այս առումով, բացասական եմ համարում նաև այն, որ համարյա բոլոր ԶԼՄ-ներն անցյալ տարի գարնանն օգնեցին հեղափոխություն անել «Ելք» դաշինքին, որի ներկայացուցիչներն արդեն «Իմ Քայլ»-ը դաշինքով պատգամավոր դառնալուց հետո կոչ են անում չկարդալ այն ԶԼՄ-ներին, որոնք փաստացի օգնել են իրենց և այսօր նաև այդ նույն ԶԼՄ-ների և լրագրողների շնորհիվ են նրանք պատգամավոր, նախարար և այլն դարձել:

Սա թող դաս լինի ԶԼՄ-ներիս, որ այսուհետ որևէ քաղաքական ուժի ոչ մի տիպի լրատվական աջակցություն չտրամադրվի: ԶԼՄ-ն և լրագրողները կոչված չեն իշխանության եկած ուժին սպասարկելու համար և լավ կլինի, որ նորաթուխ պատգամավորները սա հասկանան ու հիշեն:

Հ.Գ. Անկեղծ ասած, ապշած եմ Լուսինե Բադալյանի (Լուլու) գրառումից, ով աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում, և քանի որ այսօր «Անառակ որդու վերադարձի» կիրակին է, խորհուրդս է Լուլուին չվառել բոլոր կամուրջները, գուցե ինչ-որ մի օր նախկին աշխատավայրեր նորից աշխատողի կարգավիճակով վերադառնալու անհրաժեշտություն առաջանա: Մի եղեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել