Գրեթե 20-ամյա քնից հետո վերջապես Հայաստանն ինքնիշխանության նշաններ ցույց տվեց: Իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալը հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար ռեգիոնալ աշխարհաքաղաքականության շրջանակներում ուժերի բալանսի վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից:

Իրանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ցանկանում է Հայաստանի միջոցով Պարսից ծոցը կապել Սև ծովին, նախանշում է «հյուսիս-հարավ» աշխարհաքաղաքական գծի կենսագործում կամ, աշխարհաքաղաքականության տերմինալոգիայով ասած, բևեռի ստեղծում: Սա արդեն գործնական հակակշիռ կդառնա արևելք-արևմուտք աշխարհաքաղաքական գծին, որի տարածաշրջանային սուբյեկտները Թուրքիան ու Ադրբեջանն են: Սա կարող է շահեկան լինել նաև Վրաստանի համար, որտեղ սկսել են հասկանալ ադրբեջանաթուրքական տանդեմի վտանգներն իրենց ինքնիշխանության համար և լրջորեն զբաղվել դրանով: Հյուսիս-հարավ գիծը շատ լավ այլընտրանք կլինի Թբիլիսիի համար, որով վերջինս կարող է չեզոքացնել Անկարա-Բաքու դաշինքի գազային և կոմունիկացիոն մենաշնորհը: Շատ կարևոր է նաև, որ Հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական գծով հետաքրքրված է Չինաստանը, որը, հասկանալի պատճառներով, թուրքական աշխարհի նկատմամբ ունի վերապահումներ և զգուշավորություն:

Մնում է ռուսական խանդը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հեռանկարի նկատմամբ մեղմել ճիշտ դիվանագիտությամբ, որտեղ Մոսկվային պետք է ցույց տալ շահերի նույնականացում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս դժվար թե Հայաստանի վրա ճնշումներ գործադրի այս ուղղությամբ (եթե այդ գիծը չհակադրվի ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերին) երկու պատճառով։ Նախ՝ Վաշինգտոնը լավ գիտի Հայաստանի կոմունիկացիոն վիճակը, որն ունի ընդամենը երկու բաց ճանապարհ և չի կարող հրաժարվել դրանցից և ոչ մեկից: Սա ոչ միայն կենսական այլև գոյապահպանական շահի խնդիր է Հայաստանի համար, իսկ գերտերությունները փոքր երկրների գոյապահպանական շահերի նկատմամբ, այնուամենայնիվ, որոշակի զգուշավորություն ցուցաբերում են այլ գերտերությունների «գիրկը» վերջնականապես չնետելու նկատառումներով:

Երկրորդ՝ ԱՄՆ-ն նման սցենարներում կարող է ռուսական ազդեցության նվազման հնարավորություն տեսնել:

Փոքր երկրների համար խնդիրները մշտապես շատ են ու մեծ, բայց այդ խնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև հնարավորություն: Ինչպես Քիսինջերն էր ասում, փոքր երկրները նաև լավ մանևրի հնարավորություններ ունեն և խելացի գործելու դեպքում կարող են շահեկան դիրքերում հայտնվել, ինչպես, օրինակ, 20-րդ դարի սկզբին բալկանյան երկրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել