Ժողովրդավարությունն ամենևին չի նշանակում, որ ժողովրդի վստահության քվեին արժանացած իշխանության ձախողումը ժողովրդի ձախողումն է: Նախ՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» ձևակերպումը չպետք է հասկանալ ուղիղ իմաստով։ Սա նշանակում է, որ քաղաքացին լիազորում է այս կամ այն ուժին իրացնել իր իրավունքները և կայացնել որոշումներ: Այն, որ քաղաքացին սխալ որոշում կարող է կայացնել, որևէ կերպ չի կարող նշանակել, որ վերջինս հիմար է, զոմբի է և այլն, քանի որ քաղաքացին պարտավոր էլ չէ խորապես հասկանալ քաղաքական գործընթացները և գուշակել, թե ով է իրեն խաբում, ով ում խաղն է խաղում և այսպես շարունակ։ Միևնույն ժամանակ, քաղաքացին պետք է ունենա գիտակցություն և կարողանա որոշումներ կայացնել առանց էմոցիաների, այսինքն՝ քվեարկի չոր հաշվարկով՝ իմանալով, թե կոնկրետ ինչի համար է քվեարկում այս կամ այն ուժի օգտին: Սակայն նման աստիճանի հասնելու համար պետք է մանկապարտեզից սկսած քաղաքացու մոտ զարգացվի այդ մտածելակերպը՝ ռացիոնալ մոտեցում, սեփական իրավունքների ու պարտականությունների գիտակցում, պետականամետ մտածողություն և այլն... Ո՞վ պետք է սա անի։ Առաջին հերթին՝ իշխանությունը, որն ինքը պետք է լինի վերոնշյալ մտեցումների կրողը, բայց այն այդպիսին չի կարող լինել, քանի որ քաղաքացիները, որոնք ընտրել են իրեն, այդպիսին չեն և առաջնորդվել են էմոցիաներով։

Այստեղից հետևություն․ քաղաքացին պետք է ձգտի ընտրել այնպիսի իշխանություն, որն իրենից մի քանի անգամ խելացի է և ոչ թե զգացմունքներ տածի այդ իշխանության նկատմամբ, այլ կոնկրետ պահանջներ դնի ու լուծումներ պահանջի...

ՀԳ. Ինչ վերաբերում է իշխանության ձախողվելուն, ՈՉ ՄԻ քաղաքացի մեղավոր չէ դրանում, քաղաքացին կարող է սխալվել, իսկ իշխանության գալու հայտ ներկայացրած, խոստումներ տված և քաղաքական հայտարարություններ արած ուժը՝ երբեք, իսկ սխալվելու դեպքում էլ պարտավոր է պատասխան տալ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահել են իրեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել