Հարգելի՛ հայրենակիցներ,

Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:

Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին՝ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին: 

Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի և թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել և օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին: Ուրախ եմ, որ այսօր ձևավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովելու Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները: 

Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել