Օր ու գիշեր խաղաղության մասին խոսելն, իհարկե, շատ լավ զբաղմունք է, եթե այդ ամենն արվում է հակամարտող կողմերի հետ հավասարաչափ, սակայն երբ նկատում ես, որ մի կողմին կերակրում են բացառապես խաղաղությամբ, իսկ մյուս կողմին՝ ռազմական պատրաստվածությամբ, ապա ստացվում է շատ սխալ ու կեղծ պատկերների շարան։

Բացի նրանից, որ Հայաստանի պաշտոնյանեն առիթը բաց չեն թողնում Արցախի հարցում խաղաղության պատրաստվելու մասին հայտարարություններ անելու, դրան գումարվում է նաև ադրբեջանական հատվածն, ու ուշադիր հետևելու դեպքում պարզ է դառնում, որ սոցիալական ցանցերում և տեղեկատվական հարթակներում ադրբեջանական կողմը խաղաղության մասին հայտարարություններ է կատարում բացառապես այն հատվածում, որը նախատեսված է հայերի համար։

Ադրբեջանական բոլոր այն հարթակները, որոնք հայերեն լեզվով օրը մի քանի անգամ նմանատիպ նյութեր են տարածում, թե հայերը և ադրբեջանցիները շուտով ապրելու են հաշտ և համերաշխ, մի աղբյուրից ջուր են խմելու, մի սեղանից հաց են ուտելու և այլն։ Բայց պատկերն ամբողջությամբ այլ է ադրբեջանցիների համար նախատեսված հարթակներում, որտեղ օր ու գիշեր ցուցադրվում են ՊՆ Զաքիր Հասանովի այցերը, նոր ռազմական օբյեկտները, զենքի և զինամթերքի ձեռքբերումները, զինվորականների և սպաների կոչը, որ իրենք շուտով գրավելու են Արցախը և այլն, ու որևէ նախադասություն կամ բառ չկա խաղաղության և միմյանց հետ հաց կիսելու մասին։

Ադրբեջանցիների կողմից նման պահվածն իրականում շատ մտահոգիչ պետք է լինի համապատասխան կառույցների համար, քանի որ, ինչպես նկատում ենք, հանդիպումների ժամանակ որոշվում է բոլորին խաղաղության նախապատրաստել, բայց այդ նախապատրաստական աշխատանքները կատարվում են վերապահումներով։

Նաև կարելի է փոխանցել որոշ անձանց, որ նման խաղաղություն քարոզելն «անշնորհակալ» աշխատանք է, քանի որ վերջնական նպատակին դա չի հասնելու զուտ միայն նրա համար, որ մենք դեռ խաղաղ ենք մեր լեռների պես, բայց բազմիցս ապացուցել ենք, թե հողմերի պես վայրագ ներխուժողներին ինչ օրն ենք գցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել