Բոլորդ սկսել եք խիստ անհանգստանալ, մտահոգվել, մեղադրել և դատափետել ոստիկանությանն ավազակային հարձակումների, կողոպուտների և մյուս հանցագործությունների ու իրավախախտումների աննախադեպ աճի համար: Գրեթե նույն վիճակն էր կարծես 90-ականներին։

Իսկ ի՞նչ էիք ուզում։ Կամ ավելի ճիշտ, երբ ՊՊԾ գնդի վրա հարձակված զինյալ խմբի անդամներին, մարդասպաններին, պատանդառուներին, պետական գույքը փչացնող, ոչնչացնող, վառողներին, պետության հեղինակության, միջազգային վարկին մեծագույն վնաս հասցնողներին ազատ արձակելու ժամանակ ինչո՞ւ չէիք մտահոգվում, անհանգստանում, ընդվզում, մեղադրում, մտահոգվում։ Ինչո՞ւ։ Չգիտեի՞ք, որ շարքային ոստիկանի, տեղամասային տեսուչի, օպերլիազորի, ՃՈ տեսուչի մեջքն եք կոտրում, ցույց տալիս նրա անպաշտպանվածությունն ու անզորությունը, անօգնականությունը, չգնահատված և անտեսված լինելը։

Կտրված, կոտրված, ջարդված, կապկպված ձեռքերով վոլեյբոլ չես կարող խաղալ, իսկ այդ քայլով կոտրվեց ողջ ոստիկանական համակարգի մեջքը, ողնաշարը։ Նրանցից շատերը վախենում են նույնիսկ բարձրաձայնել կամ անգամ հարձակման հետևանքով զոհված ընկերների նկարները տեղադրել սոցցանցերի իրենց էջերում: 
Խոսում ենք մարտի 1-ի զոհերից, և բնականաբար, ցավում եմ։ Սակայն մոռանում ենք նոր զոհվածներին։ Խոսում ենք 11 տարի առաջ կատարվածի բացահայտումից, ազատ արձակում կալանավորված զինյալ խմբի մարդասպաններին՝ նրանց դատաքննությունը վերածելով մի անհասկանալի ֆարսի:

Իսկ մարտի 1-ի համար, մեծ հաշվով, մեղավոր ենք բոլորս, յուրաքանչյուրս, առավելապես այդ հանրահավաքները, ցույցերը, երթերը, մյուս միջոցառումները կազմակերպող շարժման առաջնորդները, ղեկավարները, պատասխանատուները, սադրիչ, հրահրող ելույթներ ունեցողները, միջադեպեր, ընդհարումներ ստեղծողները, նրանց՝ ցուցարարներին, այդ ամենից հետո լքող, փախչողներն ու, իհարկե, նաև իշխանությունները:
Իսկ դատարանի դահլիճից ազատ արձակված զինյալներն այսօր հերոսներ են, նրանք իրենց հերոս են ներկայացնում՝ թքելով զոհերի հիշատակի ու ոստիկանության վրա, զբաղվում քաղաքականությամբ, հարցազրույցներ տալիս, փորձում խեղաթյուրել իրականությունն ու արդարացնել իրենց քայլերը՝ հավանաբար ծրագրելով, մշակելով համանման նոր հարձակումներ ու գործողություններ։

Ես չեմ զարմանա, եթե լինի նման բան, և տարօրինակ չեմ համարի, այլ կընդունեմ որպես կատարված քայլերի օրինաչափ հետևանք...

Իսկ հանցագործությունները կշատանան, քանի որ հանցագործները լկտիանալու, պահից, ստեղծված իրավիճակից օգտվելու շատ մեծ ունակություն ունեն։ Այո՛, իրավիճակ է փոխվել, և արդեն Բաղրամյան 26-ից են գողություն կատարում։ Վայելեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել