Քաղաքը վերջապես սկսում է մաքրվել փողոցային առևտրից ու իրար վրա լցված կայանված մեքենաներից, ինչը իրականում շատ լավ է ու հաճելի։ Փողոցներն առավել հարմար են զբոսնելու համար, ճանապարհները փակ չեն արկղերով ու գետնին թափված հին միրգ-բանջարեղենով։ Բացի դրանից՝ քաղաքապետարանը նաև ուշադրություն է դարձրել խանութների դիմաց լցված ապրանքներին, որոնք կրկին մաքրվել են, կրկին մարդկանց քայլելու համար նորմալ ճանապարհ է մնացել։ Վերջին կետն իմ վրա էլ է ազդել, բայց հանուն արդարության կարող եմ ասել, որ իրոք շատ հաճելի է այսպիսի տեսարանը։

Փողոցային առևտրի դեմ պայքարելու ժամանակ քաղաքապետարանը մարդկանց այլընտրանք առաջարկեց՝ վայրեր, որտեղ կարող են հանգիստ իրենց առևտուրն անել ու ոչ մեկին չխանգարել, չկեղտոտել քաղաքի տեսքը, բակերը և այլն։ Սա շատ դրական էր։

Հիմա անցնենք մեքենաների կայանմանը։ Մեքենաների կայանատեղիները մաքրելու ընթացքում մարդկանց դեռ այլընտրանք չեն առաջարկում, բացի՝ մի քիչ հեռու կանգնեք, սպասեք, մի լուծում կգտնենք և այլն։ Տեղից էլ ծանրաբեռնված Երևանի կենտրոնը նման կերպ ընդհանրապես կաթվածահար է լինելու, քանի որ իրոք մարդիկ չեն կարողանալու մեքենա կանգնեցնել, որովհետև երկրորդական փողոցներում և բակերում այդքան տեղ չկա, տեղից հիմա են լցված, որոշ կայանատեղիներ փակելուց հետո իրար գլխի կկանգնեն։

Սա իր հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնը գեղեցկացնում է ու աչքի համար շատ հաճելի է, բայց մյուս կողմից շատ անհարմարություններ է պատճառելու վարորդներին ու մարդկանց, որոնց բակերում փորձելու են տեղավորվել այդ վարորդները։ Ճիշտ կլիներ սկզբից խնդիրը լուծել, հետո մաքրել քաղաքը մեքենաներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել