Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսել են ավելի շատ հանդիպումներ ունենալ միմյանց հետ, որի ընթացքում քննարկվում է Արցախի հարցի լուծումը, ու ադրբեջանական կողմը դա ներկայացնում է իբր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու հանդիպումներ։

Թե կոնկրետ ինչ են քննարկում նախարարներն այդ հանդիպման ընթացքում, մենք չենք իմանում, միայն պաշտոնական տարածված հայտարարության հույսին ենք, ինչն էլ վերջին պայմանավորվածությունից հետո, երկու կողմերը միանման տեքստով են հանդես գալիս, ու պաշտոնական ֆորմատը մնում է նույնը։ Բառացի ասած՝ հանդիպել ենք, պայմանավորվել ենք կրկին հանդիպել, ֆորմատի մեջ։

Տարօրինակ է, որ նման հանդիպումները վերջին շրջանում ավելի շատ շրջանառության մեջ դնում է հենց ադրբեջանական կողմը, որն ավելի շատ է անդրադառնում թե՛ հանդիպումներին, թե՛ դրանից առաջ և հետո ծավալվող լուրերին։ Հայկական կողմը, կարելի է ասել, բավարարվում է պաշտոնական տեղեկություններով։

Եվ բոլորս էլ հիշում ենք, երբ Մամեդյարովն առաջին անգամ հանդիպեց Մնացականյանի հետ նա շատ բարձր էր գնահատել ՀՀ ԱԳ նախարարին ու նույնիսկ համեմատել էր նախկին նախարարի հետ՝ ընդգծելով Մնացականյանի պրոֆեսիոնալիզմը։

Դե, քանի որ դեռ Փաշինյան-Ալիևի պաշտոնական հանդիպում չի եղել Արցախի հարցով, ու տեղեկություններ էլ չկան, որ նրանք գոնե հեռախոսազրույց են ունեցել այդ հարցի վերաբերյալ, ապա դեռ այսպես 4 ժամով նախարարների մակարդակով հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, որոնց հիմնական քննարկումները դեռ մենք չենք իմանա։

Մեզ մնում է հույս ունենալ, որ մեր նախարարը գիտի, թե հայ ժողովուրդն ինչ կարծիք ունի Արցախի հարցի վերաբերյալ ու հանդիպումների ժամանակ չի շեղվի այդ տեսակետից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել