Լրագրությունը միշտ համարել եւ այսօր էլ համարում եմ ամենալավ, ամենապատվաբեր եւ հրաշալի մասնագիտությունը, լրագրողը շատ առավելություններ ունի, օրինակ` իրավունք ունի գտնվել գործողությունների կիզակետում, հանդիպել ամենատարբեր հայացքներ եւ գաղափարներ, սոցիալական դիրք եւ հնարավորություններ ունեցող անձանց, լսել բոլորին, տեսնել ամեն ինչ, ամենակարեւորը` առաջինը տեղեկացված լինելու առաքելությունը եւ` հանրությանը տեղեկություններ հաղորդելու պատիվն ու պատասխանատվությունը: Այս ամենը, իրոք, նախանձելի է: Սակայն..., վերջին շրջանում հատկապես, որոշ իրենց լրագրող համարողներ չափն անցնելով վարկաբեկում են այս մասնագիտության պատիվն ու ոտնահարում են պատասխանատվության սահմանները՝ զբաղվելով ոչ թե լրագրությամբ, այլ` մուտիլովկաներով, հորինվածքներով, պատվերներ կատարելով, եւ գրում են չափ ու սահման անցած, ավելի ճիշտ ոչ թե գրում են, այլ` իրար վրա են դարսում բառեր ու մտքեր, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Կայքերի եւ տպագիր մամուլի այսօրվա բազմազանության եւ խայտաբղետության մեջ սկզբունքորեն չեմ կարդում կոնկրետ մի քանի կայքեր եւ թերթեր, չեմ կարդում, որովհետեւ չեմ հավատում դրանց, չեմ նկատում դրանց: Դրանցից մեկը երկու օր առաջ հերթական հերյուրանքն է տարածել մի նյութի մասին, որը նաեւ իմ անվան հետ է կապված: Տեսնելով, որ հերքում-արձագանք չկա, ուրիշն էլ իր հերթին է դա տարածել: Զավեշտ: Լրագրության ոսկե կանոններից մեկն է ցանկացած իմֆորմացիա ճշտել տարբեր աղբյուրներից եւ ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները:
Հարկ չեմ համարում մանրամասնել, հասկացողը հասկացավ եւ լսողը լսեց, եւ ամենեւին այս մասին չէ խոսքս, այլ` աշխարհի ամենալավ մասնագիտության: 
Հարգելի պրոֆեսիոնալ լրագրողներ, իմ լավ գործընկերներ, մարդիկ, ում համար լրագրող լինելն իրականում պատիվ է եւ պատասխանատվություն, ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, որ որոշ պուճուրիկներ վարկաբեկեն ԼՐԱԳՐՈՂԻ բարձր պատիվը:
Հ.Գ.Մարդկանց եւ լրագրողներին ճանաչելու մի ձեւ կա` նայեք աչքերին, եթե տվյալ անձը չի կարողանում նայել աչքերիդ մեջ, ուրեմն` ինքը ոչինչ է, զրո:
P.S.Չի լինելու այլ մեկնաբանություն: Ես իմ ասելիքն ասացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել