Հաշվի առնելով այն, որ բազմաթիվ մարդիկ այդքան էլ չեն պատկերացնում, թե ինչի համար է նախնական կալանք կիրառվում և ինչ է դա առհասարակ, մի փոքր պարզաբանեմ։

Նախ՝ գոյություն ունեն մի քանի խափանման միջոցներ, որոնցից մեկն էլ կալանքն է: Խափանման միջոց կիրառում են մեղադրյալի նկատմամբ, որպեսզի կանխեն նրա ոչ պատշաճ վարքագիծը և ապահովեն դատավճռի կատարումը:

Ըստ քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածի՝ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք, կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է՝
թաքնվել, խոչընդոտել նախաքննության և դատաքննության գործընթացին, կատարել քրեական օրենքով չնախատեսված արարք, խուսափել պատժի կրումից, խոչընդոտել դատավճռի կատարմանը:

Այս հիմքերի առկայության դեպքում էլ խափանման միջոց ընտրելիս հաշվի են առնվում՝ վերագրվող արարքի վտանգավորությունը, մեղադրյալի անձը, տարիքը, առողջական վիճակը, սեռը, զբաղմունքը, ընտանեկան դրությունը, գույքային դրությունը և այլն:

Այստեղից հետևություն, որ նախնական կալանքը ոչ թե պետք է լինի պատժի տեսակ, այլ կիրառվի ըստ օրենքի և նախատեսված դեպքերում, հակառակ պարագայում մենք նորից ունենալու ենք տարիներ շարունակ կիրառվող արատավոր պրակտիկան, երբ իշխանության համար ոչ ցանկալի մարդկանց պատժելու համար նախնական կալանք էին տալիս, իսկ հետո էլ դատարանները ստիպված մեղադրական վճիռ էին կայացնում, քանի որ երկար ժամանակ կալանքի տակ էին պահել:

Սա նորմալ չէ, նախնական կալանքը ոչ մի պարագայում և ոչ մեկի դեպքում չի կարելի դիտարկել որպես պատժի տեսակ և պահանջել, որ մարդուն կալանքի տակ պահեն մինչև գործի քննության ավարտը, եթե դրա համար չկան իրավական բոլոր հիմքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել