Էս մասին ուզում եմ գրել արդեն գրեթե յոթ ամիս ու կարծում եմ, որ պահը հասունացել է։
Հայաստանի առաջ բացվել են զարգացման նոր ուղիներ, նոր հնարավորություններ, նոր շունչ են ստացել ահագին մարդիկ, ովքեր նաև խոստացան ավագանու ընտրություններին, հետո էլ ԱԺ ընտրություններին, որ նրանք կանեն ամեն ինչ, որ մեր երկիրը զարգանա։ Ես միայն ողջունում եմ այդ ամենը, բայց կա մի մեծ բայց, էս յոթ ամիսների ընթացքում կա մի ոլորտ, որը բացի անկումից ոչինչ չի գրանցել, դա ճանապարհային երթևեկության ոլորտն է։ Խնդրում եմ ինձ չասեք, որ երկիր ավելի շատ մեքենա է մտել վերջին յոթ ամսում, քան նախկին յոթ տարում։ Խնդիրը գնալով ահագնանում է ու այս ամենը այլ բառով արտահայտել չի լինի, քան ԲԵՍՊՐԵԴԵԼ։

Ահա այն հիմնական խնդիրները, որ ես ամենօրյա ռեժիմով նկատում եմ և կարծում եմ, որ սա ուղիղ կապ ունի այն հանգամանքի հետ, որ տուգանքների մի ստվար խումբ չի կիրառվում։

- Ակնհայտ ամենաթողություն, սա ուղղակի վատ վարորդները չեն, սա վարորդներ են, ովքեր ուղղակի վստահ են, որ իրենց ոչինչ չի պատահի նման խախտումներով վարելու դեպքում։ Հավատացեք, վատ երթևեկությունը խուժանությունից տարբերում եմ, ու եթե առաջ օրվա մեջ մեկ, երկու դեպք կընկներ աչքովս, հիմա դա համատարած բնույթ է կրում։ Արդեն «նորմալ» է, երբ վարորդը «4րդ» գծով լույսերը թարթելով հանդիպակաց երթևեության գոտի է դուրս գալիս, որ լուսացույցի տակից նոր մտնի երթևեկության 3րդ գիծ։ Լրիվ «նորմալ է», երբ կրկնակի հոծ գծով շրջադարձ են կատարում։
-Երկրորդ գիծ կայանելու տուգանքի չեղարկում։ Ամբողջ քաղաքը կայանել է երկրորդ գծում, մեկ-մեկ էլ երրորդ գծում։ Առաջ էլ քաղաքը ուներ կայանման խնդիր, բայց արգելքը երբ գործում է, դա մի տեսակ մնումա վարորդների խնդիրը, հիմա էս արգելքի հանելով, ամեն վարորդ ուզումա իրա օֆիսի դռան դիմաց կայանի ու բառացի ալարումա մի խաչմերուկ էնկողմ ազատ տեղում կանգնի։ Հապճեպ վերականգնել է պետք այդ տուգանքը։
- Բալային համակարգ են ներմուծել, բայց ՃՈ համար մեկ գործառույթը դա երթևեկության անվտանգություն ապահովելն է, այն է՝ տուգանել բոլոր ոչ բարեխիղճ վարորդներին նրանց մեքենաների անսարքի լուսարձակներով երթևեկելու համար։ Առհասարակ տպավորություն է, որ քաղաքում տուգանման պրակտիկան իսպառ վերացել է, էլ չեմ ասում ՃՈ բացակայությունն ու անգործությունը։ Ամեն ինչ տեղի է ունենում տեսուչների աչքի առաջ։
- Աշխատացրեք կամերաներ։ Այո, կարող եք թարգել անհարկի տուգանումները՝ օրինակ հոծ գծի վրայով թեթև անցնելը, բայց վարորդներին, ովքեր իրենց պահվածքով վտանգում են իրենց շրջապատի կյանքը, սաստել է պետք։ Ստատիստիկան ցույց է տալիս, որ մահացությունների թիվը աճել է գրեթե 35%ով, ապա սա դառնում է ազգային անվտանգության խնդիր։

Թափ տվեք ՃՈ համակարգը պարոնայք և տիկնայք պատկան մարմինների։ Սա համար առաջին խնդիրն է, որ քաղաքացիները բախվում են ամեն օր, և այդ խնդիրը արդեն հետաձգման տեղ չունի։ Ես արդեն էնքան ռադիկալ եմ դարձել էս հարցում, որ շուտով կպահանջեմ երթևեկության կանոնների թեորիայի պարտադիր վերաքննության անցկացում բոլոր վարորդների շրջանում։

Միայն մտածեք, որ տարեկան կտրվածքով մեր ճանապարհներին զոհվում է ավելի շատ մարդ, քան սահմանին։

հ․գ․ լրագրողներին խնդրում եմ այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Տարածելը խրախուվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել